Սեյրան Օհանյանն այցելել է հարավարևմտյան սահմանագոտում տեղակայված մարտական հենակետեր

Հունիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի՝ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատված, որտեղ հունիսի 26-ին, ժամը 18:30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտել էր հրադադարի ռեժիմը` հրաձգային տարբեր տրամաչափի զենքերից կրակ վարելով Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Նախարարը եղել է սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, տեղում ծանոթացել սահմանի տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, մարտական հերթապահության իրականացման առանձնահատկություններին, ստուգել պաշտպանական և ինժեներական կառույցների ամրությունն ու հուսալիությունը, հետևել է դիրքերի մարտավարական բնագծի և ամրաշինական կառույցների վիճակին:

Շրջայցի ընթացքում պաշտպանության նախարարը զրուցել է նաև դիրքապահ զինծառայողների հետ, ծանոթացել նրանց պատրաստվածությանը, զինանձնակազմի շրջանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարին մանրամասն ներկայացվել են հակառակորդի ձեռնարկած ոտնձգության և դրան ի պատասխան հայկական կողմի ձեռնարկած գործողությունների մանրամասները, մարտական հենակետերի պաշտպանական ներուժի մեծացման ուղղությամբ ընթացող միջոցառումները: Ըստ այդմ՝ Սեյրան Օհանյանը հրամկազմին տվել է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ՝ աշխատանքներն առավել արդյունավետ և խորքային իրականացնելու ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս