Հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի կարծիքով՝ «նահանջելն էլ սխալ է». azatutyun.am
azatutyun.am-ի փոխանցմամբ՝ Հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, ով այցելել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիան շարունակող ցուցարարներին, լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այն, ինչ տեղի է ունենում՝ «արժանապատվության ակցիա» է:
«Էլեկտրաէներգիայի, այսպես ասեմ՝ այս վարկածը, ո՛չ 7 դրամից պակաս չէ, բայց եթե ամեն տարի 7 դրամ՝ դրան դեմ ենք այսօր: Մենք այսօր ոչ թե 7 դրամի համար ենք կանգնած, այլ կանգնած ենք, որ ամեն տարի 7 դրամ չավելացնեն», – նշեց իշխող կուսակցության ներկայացուցիչը:
Լրագրողներից մեկի հարցին՝ նախագահ Սերժ Սարգսյանի տարածած հայտարարությունը որքանո՞վ էր լիարժեք, որքանո՞վ էր բավարարում ցուցարարների պահանջները, Աղաբաբյանը պատասխանեց․ – «Ուրեմն՝ երկրի նախագահը երբեք ինքը իրենից ոչինչ չի կարող հնարել: Նրա համար գոյություն ունեն համապատասխան հանձնաժողովներ, մասնագիտական հանձնաժողովներ, որոնք իրենց կարծիքն են ներկայացնում: Երկրի նախագահը ընդամենը ասաց, որ հարկավոր է հասկանալ խնդիրը, և, իմ կարծիքով, ժամանակ խնդրեց բոլորիցդ՝ մեր երիտասարդությունից, որ փորձենք հասկանալ պրոբլեմը: Եվ ես գտնում եմ՝ դա ճիշտ է, բայց նահանջելն էլ սխալ է»:
Հարցին, թե՝ իր գնահատմամբ Բաղրամյան պողոտայում ցուցարարների մնալը ճի՞շտ է, արդարացվա՞ծ է, Հանրապետական պատգամավորը արձագանքեց․ – «Ես չեմ համարում Բաղրամյանում մնալը արդարացված: Կարող ենք Օպերայում լինել, կամ Աշտարակի խճուղում, ինչ-որ տարածքում: Այս ամեն ինչը ակցիա է, բողոքի ակցիա: Այսինքն՝ արժանապատվությունը պահելու ակցիա, և դա որտե՞ղ լինի՝ այդքան կարևոր չէ: Բայց այսօր մեր կենտրոնական փողոցն է՝ Մայդանը չէ, այլ Բաղրամյան փողոցը: Որոշողը անձն է, և եթե այսքան մարդ որոշել է մնալ՝ միգուցե ճիշտը սա է»:
Աղաբաբյանը նաև պատասխանեց լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է Հանրապետական կուսակցությունից միայն ինքը եկել Բաղրամյան պողոտա, ասաց․ – «Չընդունեցին՝ ո՞վ է մեղավոր: Մարդը եկավ՝ չընդունեցիք»:
Ճշտող հարցին՝ այսինքն իր մեղքը չէ՞, որ չընդունեցին:
«Չէ, իր մեղքն է: Հիմա ինձ ինչո՞ւ եք ընդունում, իմ մեղքն է՞», – նշեց նա: Երբ լրագրողները նկատեցին, թե պարզապես հարցեր են տալիս, Աղաբաբյանն ասաց՝ «բոլոր դեպքերում չեք ասում․․․ вон отсюда»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: