Թող ոչ ոչ չփորձի սևացնել «Ոչ թալանին» նախաձեռնությանը. ակտիվիստը պարզաբանում է` ինչ տեղի ունեցավ այսօր

«Թող ոչ ոք չփորձի սևացնել «Ոչ թալանին» նախաձեռնությանը»: Քիչ առաջ Ազատության հրապարակում այս մասին ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը` փորձելով պարզաբանել, թե ինչ տեղի ունեցավ այսօր:

Նա նշեց, որ եթե թերացել է նախաձեռնությունը, ոչ ոք իրավունք չունի դավաճան անվանելու նախաձեռնության տղաներին: Քանի որ, նրա համոզմամբ, դա անընդունելի է, քանի որ շատ շատերը չէին կարողանա անել այն, ինչ արեց շարժումը: Ավելին, ըստ նրա, կյանքն այս պայքարով չի սահմանափակվում, դեռ այլ խնդիրներ կլինեն, մարդիկ կտեսնեն, թե ովքեր են իրական պայքարողները, ովքեր կլինեն ճիշտ քայլերի դիմողները:

Արթուր Քոչարյանը միևնույն ժամանակ ընդգծեց, որ իրենք չեն դադարեցնում պայքարը, իրենք շարունակում են իրենց պայքարը, քանի որ չեն հավատում, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը չեղարկվելու է: Սակայն պարզաբանեց, որ իրենք որոշել են հետագա ռազմավարությունը մշակել Ազատության հրապարակում, գիշերել այնտեղ, իսկ ովքեր ցանկանում են գնալ Բաղրամյանի պողոտա, ազատ են իրենց որոշումներում, քանի որ շարժումը չի կարող սահմանափակել ժողովրդի կամքը:

Նրա հավաստիացմամբ` խնդիր չկա, ով որտեղ ցանկանում է թող այնտեղ էլ մնա: Արթուր Քոչարյանը նաև նշեց, որ այսօր այն մարդիկ, ովքեր կանգնած են Բաղրամյանի պողոտայում, այնտեղ չէին, երբ Ոստիկանությունը ջրցան մեքենաներով փորձեց ցրել նախաձեռնության հավաքը, ավելին նախաձեռնության անդամներին տարան քաղմասեր, իսկ հարթակը մնաց բաց, դաշտում հայտնվեցին մարդիկ, կանգնեցին, որոնք կարծես այդ պահին էին սպասում: «Երբ մենք ազատվեցինք, մեզ նույնիսկ հարթակ չէին թույլ տալիս, երբ հավաքվեցինք, նոր կարողացանք կրկին բարձրանալ հարթակ: Այդ ժամանակ այդ մարդիկ իջան ներքև, դարձան կարգադրիչ: Բայց բոլորին չի վերաբերում, շատ շատերը մեզ օգնել են ու այնտեղ են: Մենք շարունակում ենք պայքարը: Ինչ է փոխվել, ոչինչ չի փոխվել, մի շատ փոքր զիջում է եղել, ժողովրդի մեծ մասը չունի վստահություն իշխանության նկատմամբ»,- ասաց ակտիվիստը` վստահեցնելով, որ պայքարը շարունակվում է:

Տեսանյութեր

Լրահոս