«Տո ռուսը ինչի՞ պետք ա մեզ պահի, հաշմանդա՞մ ենք, ի՞նչ ենք: Թող Օբաման մեզ պահի». բանավեճ
Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ աշխարհաքաղաքական այս ուղղությունների վերաբերյալ թեժ բանավեճ ծավալվեց ԳԽ նախկին պատգամավոր արևմտամետ Ազատ Արշակյանի և ԱԱԾ պետի նախկին տեղակալ ռուսամետ Գուրգեն Եղիազարյանի միջև:
Խոսելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ վերջին օրերին Երևանում ընթացող բողոքի ակցիաների մասին Ա.Արշակյանը հայտարարեց, որ երիտասարդները մեզ պարզերես արեցին. «ՀՀ քաղաքացիների նկատմամբ հատուկ քարոզչություն է գնում, որ լավագույն տղերքը հեռացել են ու չկան, բայց իրենք ապացուցեցին, որ լավագույն տղերքը կան, մնացել են ու ոչ միայն մնացել են, նրանք ձերբազատված են վատ սովորույթներից: Նրանք չեն ապրելու թշվառության մեջ»:
Նա հիշեց, որ 50 տարի առաջ երբ հավաքվում էին ակցիայի՝ վախենում էին ու անխոհեմություն էր «սովետին ոչ ասելը», հույս չկար, որ մի բան կփոխվի: Ա.Արշակյանի խոսքով՝ այսօրվա ակցիան ուղղված չէ թշվառների, բուրժուաների դեմ, այլ ուղղված է Ռուսաստանի դեմ, որովհետև ՌԴ-ն մեզ լքել է:
«Ձեզ՝ որպես ռուսասեր, լքել է,- Ա.Արշակյանը դիմեց Գ.Եղիազարյանին ու շարունակեց,- Հիմա ՀՀ-ն և հայ ժողովրդին է լքել: Եթե հայտարարում ես դաշնակից, ֆորպոստ, խնամակալի փափախը դրել ես, ման ես գալիս, ասում են՝ հովանավորում եմ ու հետո մտնում են գրպանը ու կողոպտում: Սեպտեմբերի 3-ի նվաստացուցիչ պայմանը նա էր, որ մենք պետք է ապրենք ինչպես ռուսները, բայց 10 անգամ վատ ենք ապրում ռուսներից: Եթե ի վիճակի չես հովանավորելու, թող մեզ ազատ: ՌԴ-ում այդ ֆիրման համարվում է ամենակոռումպացվածը ու հիմա նշանակել են մեզ մոտ լույս բաժանող»:
«Պերյակովը ռուս է, Բիբինի հետ նվիրում եմ Ձեզ: Ես համակրում եմ Սպիվակովին»,- կրկին Գ.Եղիազարյանին դիմեց Ա.Արշակյանը:
«Ձեր Օբաման չընդունեց Ցեղասպանությունը,- հակադարձեց Գ.Եղիազարյանը,- Մի Բիբինով, մի Պերմյակովով, էդպիսի՞ բիբիններ ու պերմյակովներ է տեսել հայ ժողովուրդը: Չփորձեք սարքել ուրիշ դավ: Տո ռուսը ինչի՞ պետք ա մեզ պահի, հաշմանդա՞մ ենք, ի՞նչ ենք: Թող Օբաման մեզ պահի»:
Արշակյանն ընդդիմախոսին խորհուրդ տվեց սոխ ու ձուկ օգտագործել, Եղիազարյանն էլ չհամաձայնեց ու նշեց, թե հիշողության համար շաքարն է լավ:
«Սերոբները որտեղի՞ց եկան, Ռուսաստանի՞ց, թե՞ Արևմուտքից իրանց բարքերը բերեց, երեխեքին այլասերեց»,- հարցրեց Գ.Եղիազարյանը: