Բաժիններ՝

«Նաիրիտի» մահախոսականը պատրաստ է

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը վերջապես հրապարակել է «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ Համաշխարհային բանկի աուդիտի վերջնական եզրակացությունը: 261 էջից բաղկացած փաստաթուղթը վերնագրված է ««Նաիրիտ» գործարանի շահագործման տեխնիկական իրագործելիության և ֆինանսական կենսունակության գնահատում»: Իրականացնողը, ինչպես ավելի վաղ գրել էինք, 3 տարի առաջ ռուսական «Իտերա» հոլդինգի համար նույն կարգի աուդիտ կատարած «Ջեյքոբս Քնսալթենս» ընկերությունն է, ավելի ճիշտ՝ նրա միայն մեկ աշխատակիցը:

Այս եզրակացության համար հիմք է ընդունվել հենց «Իտերայի» պատվերով կատարված աուդիտը, սակայն ուշագրավն ու տարօրինակն այն է, որ երկու փաստաթղթերը հակասում են միմյանց և հակառակ եզրահանգումներ են ներկայացնում: 3 տարի առաջ «Ջեյքոբսի» մասնագետները գտել էին ու պարզ նշել, որ «Նաիրիտը» կարող է աշխատել ու մրցունակ լինել համաշխարհային շուկայում, փակման անհրաժեշտության մասին ոչ մի բառ չկա: Սակայն 3 տարի անց, անհասկանալի պատճառներով, նույն ընկերության ներկայացուցիչը միանշանակ պնդում է, որ «Նաիրիտը» չի կարող շահույթով աշխատել և պետք է լուծարվի:

Փաստաթղթի «Գլխավոր բացահայտումների և առաջարկությունների ամփոփում» բաժնում նշված է, որ «Նաիրիտի» տեխնիկական, առևտրային և ֆինանսական ընթացիկ գնահատման արդյունքները վկայում են՝ «Նաիրիտ» գործարանը «ծանր բեռ է կառավարության համար և շարունակում է վատնել կառավարության ռեսուրսները»: «Գործարանը չի գործել 2010 թ.-ից ի վեր, և նրա մասնավոր սեփականատերը լքել է այն: Գործարանի պարտավորությունները գերազանցում են 121 մլրդ դրամը (250 մլն ԱՄՆ դոլար), որի մեջ է մտնում ԱՊՀ Միջպետական բանկի չմարված, պետական երաշխիքով ապահովված վարկը: Այդ ժամանակահատվածում ընկերությունը որևէ եկամուտ չի ստացել և աշխատավարձերի վճարման ու պահպանության ծախսերի կատարման համար ապավինել է Երևանի ՋԷԿ-ի փոխառություններին: Երևանի ՋԷԿ-ի նկատմամբ ընդհանուր պարտքը կազմում է 23 մլրդ դրամ (48 մլն ԱՄՆ դոլար), ներառյալ՝ կրեդիտորական պարտքը՝ մատակարարված գոլորշու դիմաց: Եթե այս վիճակին լուծում չտրվի, ապա «Նաիրիտը» կշարունակի ծանր բեռ մնալ էլեկտրաէներգետիկայի պետական ընկերությունների վրա` տարեկան շուրջ 2-3 մլրդ դրամի չափով (4-6 մլն ԱՄՆ դոլար) աշխատավարձերի վճարման և գործարանի պահպանության համար: Ակտիվների հաշվեկշռային արժեքը վարկերի և կրեդիտորական պարտքերի մնացորդների 50%-ից ցածր է: Սա նշանակում է, որ ընկերության ակտիվները բավարար չեն նրա պարտավորությունները մարելու համար»,- ասվում է փաստաթղթում:

Նշելով, թե «Նաիրիտի» մատակարարումների գնահատվող ինքնարժեքը գերազանցում է պոլիքլորոպրենային կաուչուկի կանխատեսվող շուկայական գինը, աուդիտորը պնդում է, թե դա գործարանը դարձնում է «ոչ մրցունակ», ու ՀՀ կառավարությանն առաջարկում է ոչ թե ուղիներ, թե ինչպես վերագործարկել ու մրցունակ դարձնել «Նաիրիտը», այլ ցուցում է տալիս, թե ինչպես գործարանը տանել սնանկության ու լուծարել:

Կարդացեք նաև

«Տեխնիկական և ֆինանսական նկատառումներից բխում է, որ կառավարությունը պետք է դիտարկի գործարանի լուծարման ծրագրի մշակման և իրականացման խնդիրը: Հաշվի առնելով վերոնշյալ բացահայտումները՝ կառավարությունը պետք է մշակի գործարանի լուծարման ծրագիր»,- ասվում է փաստաթղթում ու թվարկվում լուծարման ծրագրի հիմնական քայլերը՝ իրականացնել գույքագրում և գնահատել ակտիվների շուկայական արժեքը, վարկատուների հետ բանակցությունների ճանապարհով լուծել այն պարտքերի հարցերը, որոնք, ամենայն հավանականությամբ, հնարավոր չի լինի մարել ակտիվների վաճառքի միջոցով, նաև՝ մշակել և իրականացնել սոցիալական ազդեցության մեղմման ծրագիր, իրականացնել գործարանի մանրամասն բնապահպանական գնահատում, և, ի վերջո, իրականացնել լուծարման ծրագիր, ներառյալ` բնապահպանական մաքրում, մասնավորապես՝ «կառավարությունը պետք է ռեսուրսներ հատկացնի գործարանը կարգավորված կերպով շահագործումից հանելու, ինչպես նաև՝ ժառանգություն մնացած բնապահպանական խնդիրները լուծելու համար»:

Ընդ որում՝ աուդիտորը հոգացել է նաև ՀՀ կառավարությանը խորհուրդ տալ այդ քայլերն իրականացնել «թափանցիկ կերպով և հանրությանն իրազեկել դրանց մասին»:

Աուդիտորն իր եզրակացության մեջ անում է պնդումներ, որոնց համար հիմնավորումներ չի ներկայացնում, կամ դրանք պարզապես չեն համապատասխանում իրականությանը: Օրինակ՝ նշում է, թե «անհրաժեշտ են հումքի և պատրաստի արտադրանքի փոխադրման մեծ վերադիր ծախսեր»: Կամ անհասկանալի է, թե որտեղից է եզրակացրել, թե «գործարանի վերագործարկման համար պահանջվում է 210-346 մլն դոլար»: Նշում է, որ գործարանի դարպասի մոտ կաուչուկը կարժենա 1330 դոլար/տոննա, բայց մոռանում միաժամանակ նշել, որ միջազգային շուկայում կաուչուկն արժե 5000-6000 դոլար/տոննա: Որպես կաուչուկի շուկա՝ դիտարկում է միայն Ասիան՝ շրջանցելով Ռուսաստանը, որը տարիներ շարունակ «Նաիրիտի» հիմնական շուկան է եղել, առավել ևս՝ երբ բոլոր իշխանավորները ԵՏՄ-ի ընձեռած հնարավորություններից են խոսում: Այսինքն՝ ՀԲ հրավիրած «մասնագետը» կազմել է ցուցում, ուղեցույց, մեթոդական ձեռնարկ, թե ՀՀ կառավարությունն ինչպես պետք է «Նաիրիտը» տանի սնանկության, և անգամ չի զլացել հանգամանալից բացատրել սնանկության գործընթացը, քայլերի հերթականությունը, ինչը, ի դեպ, սահմանված է օրենքով, և փորձագետի կարծիքը, մեղմ ասած, ավելորդ է: Սակայն նրա առաքելությունը բոլորովին էլ դա չէր, նա պետք է ջանքեր ներդներ գործարանի վերագործարկման մասին առաջարկություններ ներկայացնելու համար:

Տարօրինակ չէ, որ այս եզրակացության հետ կտրականապես համաձայն չեն անգամ «Նաիրիտի» ղեկավարությունն ու մասնագետները, և հունիսի սկզբին գործարանում կայացած հանդիպման ժամանակ ասել են այդ մասին ու պնդել, որ քիմիական երբեմնի հսկան կարող է գործարկվել փուլային տարբերակով և առկա տեխնիկական միջոցներով, այնուհետև ելքեր կգտնվեն ամբողջական շահագործման համար:

Հունիսի 10-ին Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել էր, որ ցանկանում է «Նաիրիտի» հետ կապված քննարկումներ սկսել Ազգային ժողովում: Մինչ օրս ոչ մի նման քննարկում չի եղել, իսկ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից ստեղծված «Նաիրիտի» հարցերով ենթահանձնաժողովը գրեթե պարապուրդի է մատնված: Ենթահանձնաժողովում որպես փորձագետ՝ ներգրավվել է գործարանի նախկին տնօրեններից մեկը, բայց, ինչպես մեզ հետ զրույցում ասել էր ենթահանձնաժողովի ղեկավար ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը, ՀԲ աուդիտի եզրակացությունը կառավարությունն իրենց այդպես էլ չի ուղարկել: Տվյալ պարագայում ստացվում է, որ կառավարությունը փորձում է մեկուսացնել ԱԺ-ին: Առավել ևս, այս փաստաթուղթը կարծես դիտավորյալ հրապարակվում է այն ժամանակ, երբ ԱԺ-ն արձակուրդ է գնում: Այսինքն՝ ամեն ինչ արվում է նաև ԱԺ այս հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու համար:

Ե.Զախարյանը վարչապետի մոտ նաիրիտցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ մինչև հուլիսի 1-ը կպատասխանի վերագործարկման մասին հարցին: Տպավորությունն այն է, որ ի վերուստ հատուկ հանձնարարական կա, և կառավարությունը շտապում է ամառային այս «անդորրն» օգտագործելով, առավել ևս, երբ հանրությունը զբաղված է էլեկտրաէներգիայի թանկացման հոգսով, վերջակետ դնել «Նաիրիտի» հարցում՝ որպես «դրոշակ» օգտագործելով ՀԲ աուդիտն ու գործարանի լուծարման մեղքը բարդելով արտաքին գործոնների վրա:

Արտաքին ճնշումների մասին է վկայում նաև «Նաիրիտի» ղեկավարության լռությունը, որ չի փորձում անգամ համագործակցել ԱԺ հանձնաժողովի հետ և «դեմ ըլլալով»՝ ստիպված պետք է «կողմ» գործի ու լուռումունջ ենթարկվի կառավարության թելադրած պայմաններին: Ստացվում է, որ գործարանի մասնագետներն ու ղեկավարությունը միայն «պատերի տակ են բղավում» «Նաիրիտը» փրկելու հնարավորության մասին: Թե ինչի՞ց են վախենում նրանք, անհասկանալի է:

ՀԲ այս աուդիտն իրականում մահախոսական է «Նաիրիտի» համար, կամ էլ վատ թատրոն՝ գործարանում տեղի ունեցած թալանը կոծկելու համար: Բնականաբար, այս սցենարը մեկ անձի մտքի արգասիք չէ, առավել ևս, հանուն միայն մեկ անձի գործված հանցանք չէ, որ կայացվում է նման թշնամական որոշում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս