«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեռ չի տուգանվել, Ռոնալդուն էլ Շահենի պաստառին մատով չի կպել». Ռուբեն Հայրապետյան

Օրերս տեղեկացրել էինք, որ ՈՒԵՖԱ-ն սպառնում է Հայաստանին՝ Պորտուգալիայի հետ խաղի ժամանակ տեղի ունեցած քաղաքական ակցիայի համար: Հիշեցնենք, որ Հայաստան-Պորտուգալիա խաղի առաջին խաղակեսի ավարտին խաղադաշտ էր մտել «Ցեղակրոն» կուսակցության հիմնադիր Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ով ակցիայի միջոցով պահանջում էր ազատ արձակել իր հայրիկին և բոլոր քաղբանտարկյալներին:

ՈՒԵՖԱ-ի աշխատակիցները կատարվածի կապակցությամբ հատուկ զեկուցում էին պատրաստել, որի հիման վրա Կարգապահական կոմիտեն որոշում պետք է կայացնի՝ պատժե՞լ Հայաստանին, թե՞ ոչ: Նման ոչ ֆուտբոլային իրադարձությունների դեպքում մեծ տուգանքներ են կիրառվում: Ժամանակին նման դեպք տեղի էր ունեցել Սերբիայում տեղի ունեցած ֆուտբոլային խաղի ժամանակ: Նման դեպքերում տուգանքը կազմում է նվազագույնը 50.000 եվրո, առավելագույնը՝ 120.000 եվրո:

168.am-ի հետ զրույցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ դեռևս հայտնի չէ՝ որչա՞փ տուգանք կկիրառվի, ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն դեռևս որոշումը ՀՖՖ չի ուղարկել: Հավանաբար, այն կլինի 10-օրյա ժամկետում: Բացի այդ, դա ժամանակատար գործընթաց է, քանի որ տուգանվող կողմը կարող է նաև բողոքարկել:

Ի դեպ, պարզվում է՝ համացանցում տարածված լուսանկարները, որոնցում իբրև թե Կրիշտիանու Ռոնալդուն ընթերցում է Շահեն Հարությունյանի բարձրացրած պաստառը, որի վրա գրված էր՝ «Freedom for Shant Harutyunyan and other political prisoners» (Ազատություն Շանթ Հարությունյանին և բոլոր քաղբանտարկյալներին), ֆոտոշոփ-կոլաժ է եղել, և նման բան իրականում չի եղել: Մեր հարցին՝ իսկապե՞ս Ռոնալդուն դաշտում նետված պաստառը վերցրել-ընթերցել է, Ռ. Հայրապետյանը պատասխանեց. «Ռոնալդուն մատով անգամ չի կպել էդ պաստառին, ուղղակի կեղծ լուսանկարներ են տարածվել ինտերնետում: Դաշտի մեջ ընկած պաստառը Ռոման Բերեզովսկին ա դուրս բերել դաշտից՝ դարպասների հետև նետելով»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս