Բաժիններ՝

Հայաստան-Պորտուգալիա խաղի ընթացքում Շահեն Հարությունյանի ակցիայի միջազգային անդրադարձը

Շաբաթ օրը՝ հունիսի 13-ին, տեղի ունեցավ ֆուտբոլի Եվրո-2016 մրցաշարի խմբային փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը: Թեպետ խաղը շատ հետաքրքիր էր և գոլառատ, սակայն առաջին խաղակեսից հետո ոչ թիմերի խաղն էր ուշադրության կենտրոնում, ոչ էլ աշխարհահռչակ Կրիշտիանու Ռոնալդուի ներկայությունը:

Առաջին խաղակեսի ավարտին Հայաստանի գրոհից հետո խաղադաշտ վազեց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ, «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ով «Ազատություն Շանթ Հարությունյանին» վերտառությամբ պաստառ բարձրացրեց՝ ի նշան բողոքի, ու այդ պաստառով անցավ խաղադաշտի գրեթե կեսը: Ոստիկանները խաղադաշտի մեջ կանգնեցրեցին Շահենին և ուղեկցեցին Ոստիկանություն:

Վայրկյաններ անց ողջ համացանցը քննարկում էր այս թեման: Սկզբում շատերը կարծում էին, որ խաղադաշտ է վազել Կրիշտիանու Ռոնալդուի երկրպագուներից մեկը, և անգամ հայ մեկնաբան Սլավա Սարգսյանը նշեց, որ Ռոնալդուի երկրպագուներն այնքան շատ են, որ վազում են խաղադաշտ:

Twitter սոցցանցում անգամ կատակներ տարածվեցին, որոնք ասում էին՝ թե Շահենին, և թե ոստիկաններին տրանսֆերային պատուհանի ժամանակ առաջարկներով կդիմեն հայտնի մի շարք ակումբներ:

Միջազգային հարթակում ամեն ինչ ավելի պարզ դարձավ այն ժամանակ, երբ «Washington Post»-ը ծավալուն անդրադարձ կատարեց Շահենի քայլին և մեկնաբանեց իրավիճակը:
Washingtonpost.com-ը գրում է. դեպքից հետո հայտնի դարձավ, որ խաղադաշտ վազած տղան Շահեն Հարությունյանն է, ում նպատակը բնավ հայտնի ֆուտբոլիստներին մոտիկից տեսնելը չէր: Նա դուրս եկավ հարթակ՝ բողոքելու քաղբանտարկյալների, մասնավորապես՝ իր հայրիկի՝ Շանթ Հարությունյանի ձերբակալության դեմ: Աղբյուրը շեշտում է, որ ավագ Հարությունյանը «Ցեղակրոն» կուսակցության հիմնադիրն է:

Աղբյուրը մեջբերում է նաև Շահենի խոսքերը, ով մեկնաբանելով իր արարքը՝ նշում է, որ ընտրել է հենց այդ հանդիպումը, քանի որ խաղադաշտում համաշխարհային մեծության աստղեր են, և ինքը ցանկանում էր կենտրոնացնել բոլորի ուշադրությունը քաղբանտարկյալների խնդրի նկատմամբ:

Ավելի ուշ համացանցում տարածվեց մի նկար, որտեղ երևում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն ընթերցում է Շահենի բարձրացրած պաստառը, որի վրա գրված էր «Freedom for Shant Harutyunyan and other political prisoners» (Ազատություն Շանթ Հարությունյանին և բոլոր քաղբանտարկյալներին):

11400972_10204563700198690_1375963600556590415_n

Սոցցանցերում այս նկարը շատ արագ տարածում գտավ: Թե հայ, և թե օտարազգի երկրպագուները նշում էին, որ համարձակ տղան՝ Շահենը, հասավ իր նպատակին:

Աղբյուրը սկզբում նշել էր, որ գուցե խաղադաշտ վազած երկրպագուն ոգևորվել էր այն երկու փոքրիկ տղաներից, ովքեր նախախաղային մարզման ժամանակ մտել էին խաղադաշտ և գրկել Ռոնալդուին, սակայն մի քանի րոպե հետո թարմացվեց տեղեկատվությունը՝ ներկայացվելով դեպքի ավելի մանրամասն և ընդգրկուն նկարագիրը:

ՍԻՐԱՐՓԻ ԱՂԱԲԱԲՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս