«Կոչ ենք անում բոլորին ձեռնպահ մնալ լարվածության հետագա սրմանը առիթ տվող գործողություններից». ՀՅԴ

«Վերջին օրերին  Հայաստանի  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները   կազմակերպեցին բողոքի գործողություններ,  պահանջելով  չեղյալ հայտարարել   էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը: Ըստ էության  բնակչության մեծամասնության  ցանկությունն արտահայտող այս գործընթացը անցանկալի շարունակություն ունեցավ: Հունիսի 22-ին ոստիկանությունը  ցրեց  ցույցը: Ծեծի ենթարկվեցին եւ կալանավորվեցին ցուցարարներ, իրադարձությունները լուսաբանող լրատավամիջոցների ներկայացուցիչներ: Տեղի ունեցածի հետեւանքով ոչ միայն տուժեցին տասնյակ քաղաքացիներ, եւ իրենց մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողներ, այլեւ տուժեց երկրի վարկը, կրկին անգամ  խաթարվեց հասարակական հանդուրժողականության մթնոլորտը:

Ստեղծված իրավիճակը հաղթահարելու եւ լարվածության հետագա խորացումից խուսափելու նպատակով  պահանջում ենք՝ որպես առաջնահերթ  քայլ ազատ արձակել բոլոր կալանավորվածներին: Անհրաժեշտ է առանձին քննության նյութ դարձնել  ոստիկանության կողմից անհամարժեք ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք:

Իշխանությունները պարտավոր են կատարվածի հետ կապված հետագա գործողությունները իրականացնել լիարժեք հրապարակայնության պայմաններում, ինչպես եւ քննության նյութ դարձնել հասարակայնության ներկայացուցիչների  արդարացի պահանջները:

Միաժամանակ կոչ ենք անում բոլորին ձեռնպահ մնալ լարվածության  հետագա սրմանը, հասարակության պառակտմանը, երկրի վարկին ու հեղինակությանը հարվածող եւ  հավանական միջամտությունների առիթ տվող գործողություններից»:

Հայ Յեղափոխական Դաշնակցություն
ՀՅԴ Մամլո Դիվան
23 հունիսի 2015

Տեսանյութեր

Լրահոս