«Ջրցան մեքենաներով և մահակներով հնարավոր չէ լուծել մարդկանց արդարացի պահանջները»
Ոստիկանության ուժերի կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը խոր անհանգստություն է առաջացրել հասարակության մեջ:
Ես կիսում եմ մեր քաղաքացիների անկեղծ ու արդար վրդովմունքը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման և Հայաստանի էներգետիկ համակարգը մութ պատմությունների պատճառով նման ծանր վիճակի հասցնելու հարցում: Դա հարվածում է մեր պետությանը , դա հարվածում է յուրաքանչյուր ընտանիքի գրպանին:
Իրավիճակի հետագա անցանկալի զարգացոմների առումով ինձ մոտ խորը անհանգստություն առաջացավ դեռևս հունիսի 22-ի երեկոյան, երբ ոստիկանության և ցուցարարների միջև բանակցությունները մտել էին փակուղի: Հստակ չէր, թե ովքեր են լիազորված ցուցարարների կողմից բանակցելու և նույնիսկ անզեն աչքով տեսանելի էր տարբեր շահերի առկայությունը: Ես մինչև ուշ գիշեր կապի մեջ եմ եղել թե ոստիկանության, թե մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների հետ՝ փորձելով գտնել ելքել՝ խուսափելու համար բախումներից:
Մեկ անգամ ևս կոչ եմ անում իրավապահ մարմիններին ցանկացած պարագայում ցուցաբերել զսպվածություն և միշտ հիշել, որ չի կարող խոսք գնալ որևէ բևեռացման մասին`մենք բոլորս ապրում ենք նույն երկրում և մեր խնդիրներն ընդհանուր են:
Ինձ խորապես անհանգստացնում է մասնագիտական պարտքը կատարելիս լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունները: Այս հարցում չի կարող լինել որևէ համոզիչ բացատրություն կամ արդարացում:
Ինձ խորապես անհանգստացնում է հարյուրավոր խաղաղ ցուցարարների ոստիկանական բաժանմունքներ տանելու փաստը, և կարևորագույն խնդիր է դրվում ժամ առաջ նրանց ազատ արձակումը:
Ես հիշեցնում եմ իշխանություններին, որ ջրցան մեքենաներով և մահակներով հնարավոր չէ լուծել մարդկանց արդարացի պահանջները: Դրանով հարցերը չեն լուծվում, դրանով ընդամենը խորացվում է ներքին թշնամանքը:
Աշխարհի ոչ մի երկիր ոստիկանական ուժերով չի լուծել տնտեսության զարգացման խնդիրը: Չեմ կարող չընդգծել մեր աչքի առաջ քաղաքացիական բարձր գիտակցությամբ երիտասարդների նոր շերտի ձևավորման միտումը, որոնց առաջնորդում է սեփական խիղճը և պետությանը տեր լինելու կամքը: Այս երիտասարդներն են հասարակության առողջացման և պետության ճիշտ զարգացման շարժիչը:
Էլինար Վարդանյան
ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ