Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները դրական փոփոխություն էին հայ-թուրքական հարաբերությունների տեսանկյունից. թուրք փորձագետ
«Թուրքիայում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո մի որոշ շրջան Թուրքիայի օրակարգում են լինելու ներքաղաքական խնդիրները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Անկարայի քաղաքականության կենտրոնի Միջազգային հարցերի ծրագրի համակարգող, ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Կովկասում անկայունության ինտրա- և ինտեր-հասարակական սկզբնաղբյուրները և ԵՄ-ի` դրանց արձագանքելու հնարավորությունները» FP7 նախագծի ավագ հետազոտող Բուրչու Գյուլթեքին Փանսմանը:
Նա նշեց, որ հունիսի 7-ին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները շատերի համար անակնկալ էին: «Մենք դեռ չունենք կառավարություն, մի քանի շաբաթ է անհրաժեշտ, որպեսզի ընտրություններից հետո կառավարությունը ձևավորվի: Երևի թե հասկանում եք, որ նման ընտրություններից հետո արտաքին քաղաքականությունը չի կարող զբաղեցնել երկրի ամբողջական օրակարգի մեծ մասը, երբ երկրում քննարկվում են պետականաշինությանը վերաբերող հարցեր:
Եթե նույնիսկ օրակարգի ինչ-որ մի անկյունում կա արտաքին քաղաքականությունը, ապա, ցավոք, Հայաստանի հետ հարաբերություններն առաջին տեղում չեն, քանի որ Թուրքիայի արտաքին քաղաքական խնդիրներն այսօր բավական բևեռացած են, և Թուրքիան կանգնած է լուրջ մարտահրավերների առջև, ինչպիսին սիրիական հակամարտությունն է, Ռուսաստանի հետ հարաբերությունները»,- նշեց Գյուլթեքինը՝ շարունակելով, որ այդ օրակարգի հիմնական բաղադրիչը Քրդական շարժման հետ ճիշտ քաղաքականություն մշակելու անհրաժեշտությունն է, քանի որ Թուրքիան կոալիցիոն կառավարության լավ փորձ երբեք չի ունեցել:
Թուրք փորձագետն ասաց, որ դրական է այն, որ խորհրդարանում հայտնվեց Քրդական շարժումը, որն աջակցում է Հայաստանի հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորման գաղափարին, պատմության ընթացքում գրանցված փաստերի ճանաչմանը: Թեև, այս ամենին զուգահեռ, նրա համոզմամբ՝ տարակուսանք կա ապագայի վերաբերյալ: «Սակայն ես լիահույս եմ, որ երկարաժամկետ ապագայի առումով այս փոփոխությունը դրական էր հայ-թուրքական հարաբերությունների տեսանկյունից: Եթե լինի հնարավորություն՝ վերադառնալ արձանագրությունների գործընթացին, ապա դա կլինի մեծ ձեռքբերում, քանի որ դրանք են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմնական առանցքը»,- ասաց Բուրչու Գյուլթեքինը:
Թուրք փորձագետի հետ ամբողջական հարցազրույցին կարող եք ծանոթանալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: