«Մեր նպատակն է վերացնել ՓՄՁ ոլորտում առկա խոչընդոտները». Հովիկ Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:

Համաձայն հաստատված օրակարգի՝ խորհուրդը քննարկել է հյուրատնային գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերին ընտանեկան ձեռնարկատիրության արտոնություններից օգտվելու հնարավորություններ սահմանելու և տեղական տուրքերի սահմանման տարանջատված մոտեցում կիրառելու հարցերը: Ծավալվել է մտքերի փոխանակում, որի ընթացքում նիստի մասնակիցներն իրենց առաջարկություններն ու նկատառումներն են ներկայացրել նշված հարցերի կապակցությամբ:

Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հանձնարարել է շահագրգիռ գերատեսչություններին մշակել և կառավարություն ներկայացնել համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախագծեր: «Մեր նպատակն է վերացնել ՓՄՁ ոլորտում առկա խոչընդոտները, բիզնեսին կայանալու, ամրապնդվելու հնարավորություն տալ և տնտեսության զարգացմանը միտված շարունակական քայլեր իրականացնել: Պետք է մեր ընդհանուր ուժերը, ջանքերը համատեղենք և երկիրն առաջ տանենք», – նշել է Հովիկ Աբրահամյանը:

ՓՄՁ զարգացման խորհրդի անդամ լինելու 3 տարի ժամկետի ավարտի կապակցությամբ՝ վարչապետը խորհրդի անունից շնորհակալություն է հայտնել Երևանի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Կարեն Մարտիրոսյանին համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս