«Չեմ կարծում, որ միայն օրենսդրական փոփոխությամբ կշտկվի այդ իրավիճակը»

ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի հայեցակարգում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել նաև ազատազրկում պատժատեսակին: Ըստ նախագծի՝ հաճախակի ազատազրկում պատժատեսակը չարդարացված է կիրառվում, ինչը հայեցակարգում բացատրվում է նրանով, որ գործող օրենսդրության պայմաններում հաճախ դատարանն ազատազրկմանն այլընտրանք չի ունենում:

Ազատազրկման հաճախակի կիրառումը, ըստ հայեցակարգի, պրոբլեմներ է ստեղծել քրեակատարողական հիմնարկների համար: Հայեցակարգի հեղինակների գնահատմամբ, բացի այդ՝ ազատազրկում պատժատեսակի հաճախակի կիրառումը կարող է նպաստել հասարակական հարաբերությունների քրեականացմանը, քաղաքացիական հասարակության մեջ «գողական օրենքների» տարածմանը: «Դատարանները հաճախ ելքը գտնում են պատիժը պայմանականորեն չկիրառելով, բայց այս ինստիտուտի ոչ հստակ և բացերով ու թերություններով աչքի ընկնող օրենսդրական կարգավորումը չի նպաստում պատժողական քաղաքականության արդյունավետությանը»,- նշված է հայեցակարգում:

Երեկ պատասխանելով մեր հարցին՝ արդյոք ազատազրկման հաճախակի կիրառումը պայմանավորվա՞ծ է նրանով, որ դատավորներն այլընտրանք չեն ունենում, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ասաց. «Ասեմ ձեզ, որ դա ոչ միայն այս ծառայության բացակայությամբ է պայմանավորված (խոսքը պրոբացիոն ծառայության մասին է.- Օ.Հ.), նաև մի շարք այլ խնդիրներով, մասնավորապես՝ քրեական և քրեադատավարական օրենսդրությամբ: Նաև այստեղ խնդիր ունենք քրեակատարողական օրենսդրության հետ:

Hovhannes ManukyanՄասնավորապես, պատժի պայմանական չկիրառելու և պատժից պայմանական վաղակետ ազատելու ինստիտուտների հետ, որոնց բարեփոխումը և դրա արդյունքում` այդ ինստիտուտների ավելի ակտիվ կիրառումը (խոսքս հատկապես վերաբերում է պայմանական վաղակետ ազատման ինստիտուտին), նաև հնարավորություն կտա ձերբազատվել ազատազրկում պատժատեսակը մարդկանց նկատմամբ շատ կիրառելուց: Իսկ ինչ վերաբերում է քրեական և քրեադատավարական օրենսդրությանը, այստեղ առաջին հերթին ունենք օրենսդրական խնդիրներ: Դուք հայեցակարգին հավանաբար արդեն ծանոթացել եք, և նոր Քրեական օրենսգրքում ենթադրվում է, որ մենք կունենանք պատիժների ավելի արդյունավետ համակարգ, որոնք դատարանին հնարավորություն կտան ազատազրկումից զատ, նաև այլ պատիժներ ավելի շատ կիրառելու, քան այսօր է կիրառվում: Իսկ քրեադատավարական օրենսդրությունը նաև նախատեսելու է խափանման միջոցների ավելի արդյունավետ համակարգ, խափանման միջոցների տեսակներն ավելի ընդլայնվելու են, և նաև խափանման միջոցների համադրելի կիրառության հնարավորություն է ստեղծվելու, ինչը հնարավորություն կտա արդեն նվազեցնելու կալանքի ծավալները: Սա առաջին խնդիրն է օրենսդրական մակարդակով, որը մենք պիտի փորձենք լուծել:

Կարդացեք նաև

Եվ, բնականաբար, մենք նաև դատական պրակտիկայի փոփոխության խնդիր ունենք, որը կախված է արդեն կոնկրետ դատավորներից, նրանց գործունեության ձևից, և այստեղ ես կարծում եմ, որ մենք նաև աշխատանք ունենք կատարելու դատավորների հետ, մասնավորապես՝ նոր օրենսդրությանը նրանց ծանոթացման, վերապատրաստման, համապատասխան դասընթացներ իրականացնելու, որը, ենթադրվում է, որ Իրավաբանական ակադեմիայում մենք կանենք համապատասխան օրենքներն ընդունվելուց հետո»:

Մեր հարցին՝ արդյոք Քրեական նոր օրենսգրքի նախագծի հայեցակարգով առաջարկվող այլընտրանքային պատժատեսակներն արդյունավետ կլինե՞ն և հնարավորություն կտա՞ն նվազեցնել ազատազրկման կիրառումը, Հովհաննես Մանուկյանը պատասխանեց. «Այո, բնականաբար: Ես կարծում եմ՝ շատ արդյունավետ կլինեն, և պատիժների տեսակների ընդարձակումը նաև նպատակ ունի հնարավորության դեպքում զերծ մնալ ազատազրկում պատժատեսակի կիրառումից, որովհետև փորձը ցույց է տալիս, որ ոչ միշտ է, որ ազատազրկումը բերում է պատժի նպատակների իրականացմանը»:

tigran-atanesyanՓաստաբան Տիգրան Աթանեսյանը երեկ մեզ հետ զրույցում այս առնչությամբ ասաց, որ՝ փաստ է՝ ազատազրկումը համատարած է կիրառվում և շատ հաճախ` անտեղի: «Իմ կարծիքով՝ հիմնական խնդիրն այստեղ օրենսդրության կարգավորումները չեն, այլ դատական և իրավապահ համակարգի կոռումպացվածությունն է: Հասկանո՞ւմ եք՝ եթե մարդուն չեն նստացնում, այսինքն՝ չեն անում ամենավատը մարդու նկատմամբ, հետևաբար՝ միշտ կա կասկած, որ առկա է կոռուպցիոն ռիսկ: Եվ փարատելու համար այդ կասկածները՝ նախընտրում են մարդկանց տալ խիստ պատիժ, զնդանել, կալանավորել, փակել երկար տարիներով, որպեսզի հանկարծ որևէ մեկը չկասկածի: Դրանից է պետք ազատվել: Իհարկե, օրենսդրական բարեփոխումների կամ բարելավումների տեղ միշտ էլ ունենք, և կարիքը կա: Բայց հիմնական խնդիրը, իմ կարծիքով, այսօր ոչ թե օրենսդրության բացերն են, այլ օրենք կիրառողների խնդիրներն են»,- ասաց փաստաբանը։ Նա նշեց, որ պետք է հիշել նաև, որ ազատազրկման վայրերը «և՛ կոռուպցիայի բուն են, և՛, շատ կներեք, սև բիզնեսներ են: Եվ ինչքան շատ մարդ, այնքան այդ բիզնեսն այդտեղ կծաղկի». «Ես չեմ կարծում, որ միայն օրենսդրական փոփոխությամբ կշտկվի այդ իրավիճակը»:

Տեսանյութեր

Լրահոս