«ՀԱՊԿ-ն Ղարաբաղյան հակամարտությանը միջամտելու մանդատ չունի». Նիկոլայ Բորդյուժա

«Մենք տեղյակ ենք, թե ինչ է կատարվում ԼՂ հակամարտության գոտում, բայց հակամարտությանը միջամտելու մանդատ չունենք»,- այսօր այս մասին տեսակամրջի միջոցով հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում ՀԱՊԿ-ի դերակատարությանը:

Նա նշեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակում գոյություն ունի և ձևավորվել է միջազգային ձևաչափ, այդ թվում Մինսկի խումբը, որը զբաղվումէ հակամարտության գոտում առկա խնդիրների դետալային մշակմամբ, հակամարտության ելքերի և հակամարտող երկու կողմերի համար կարգավորման փոխընդունելի տարբերակի փնտրտուքներով: Բորդյուժան խորապես համոզված է, որ մյուս ինստիտուտները այդ գործընթացում այսօր չպետք է մասնակցեն, որպեսզի խառնաշփոթ չստեղծվի:

«Այսօր միջազգային հանրությունը այդ գործառույթները վստահել է Մինսկի խմբին և այդ խումբն է զբաղվում հակամարտությամբ մանրամասնորեն: Մենք բնականաբար տեղյակ ենք` ինչ է կատարվում հակամարտության գոտում, ստանում ենք տվյալներ, թե որքան կրակահերթեր են լինում, հայկական կողմից որքան զոհեր են լինում, այդ տվյալները մենք ունենք, չեմ թաքցնում, տարածում ենք ՀԱՊԿ այլ երկրներում, որպեսզի ՀԱՊԿ երկրների ղեկավարներն տեղյակ լինեն, թե ինչ է կատարվում հակամարտության գոտում: Մեզ համար դա կարևոր է, քանի որ դա բարդ ուղղություն է և լի է իրավիճակի բացասական զարգացման հնարավորությամբ: Մենք չենք կարող միջամտել կարգավորման գործընթացին, մենք իրավունք չունենք և նման մանդատ ՀԱՊԿ-ը չունի: Բայց կցանկանայի ասել, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է, ով իրավունք ունի իր գործընկերներից ստանալ անհրաժեշտ օգնությունը իր տարածքում բացասական զարգացումներիդ դեպքում»,- պարզաբանեց Նիկոլայ Բորդյուժան:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս