«Այսօր ես նոր տնօրենին հանձնեցի աշխատասենյակիս բանալիները». Փարավոն Միրզոյան
Այսօր Ազգային պատկերասրահի նորանշանակ տնօրեն Արման Ծատուրյանը Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի ուղեկցությամբ ներկայացել է նոր աշխատակազմին:
168.am-ը հեռախոսազրույց ունեցավ Պատկերասրահի նախկին տնօրեն Փարավոն Միրզոյանի հետ, ով փոխանցեց, որ նոր տնօրենին ընդունել ու շնորհավորել են ջերմ մթնոլորտում, առաջին տպավորությունները դրական են: Մեր հարցին, թե ինքը՝ նախկին տնօրենը, ի՞նչ կարգավիճակով է ներկայանում նախկին աշխատավայրում, Փ. Միրզոյանը պատասխանեց. «Առայժմ նոր տնօրենի խորհրդականն եմ, եթե կանոնադրությունը չփոխվի՝ կմնամ որպես խորհրդական»: Կանոնադրության հավանական փոփոխությունների մասին պարոն Միրզոյանը ոչինչ ասել չի կարող. «Ես իմ արժեքը լավ իմացող մարդ եմ, միայն դա կասեմ, իսկ մարդկային գործոնն առհասարակ լավ չեմ ըմբռնում, դա հակասական բան է: Ես մինչև այսօր ինձ հետ աշխատած մարդկանց էությունը շատ դեպքերում չեմ հասկանում, բայց մի բան հաստատ է՝ մարդկանց պետք է ըմբռնումով մոտենալ: Ինչևէ, այսօր ես նոր տնօրենին հանձնեցի աշխատասենյակիս բանալիները»:
Մինչ Պատկերասրահի նորանշանակ տնօրենը բազմանշանակ լռում է՝ խուսափելով պատասխանել լրագրողների հարցերին, 168.am-ը կապ հաստատեց Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն, պարզելու, թե ո՞վ կփոխարինի արդեն նախկին տնօրեն Արման Ծատուրյանին Կամերային տան տնօրենի պաշտոնում: Մեզ պատասխանեց համերգային բաժնից Նառա Հովհաննիսյանը, ում փոխանցմամբ՝ այս պահին Կամերային տունն ունի ժամանակավոր պաշտոնակատար, ով Նորայր Նազարյանն է, իսկ թե ե՞րբ կամ ո՞վ կլինի կառույցի նոր տնօրենը՝ հայտնի չէ: