Պատգամավորները շտապում են Վահրամ Բաղդասարյանին շնորհավորելու՝ առանց նվերի
Այսօր ՀՀԿ խմբակցությունում տոնական տրամադրություն է: Դեռ առավոտյան ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին: Իսկ նիստի ընդմիջումների ժամանակ Բաղդասարյանի աշխատասենյակ էին շտապում պատգամավորները: Սակայն ուշագրավ է, որ նրանք մեծամասամբ առանց նվերի էին, այդ թվում ՀՀԿ-ականները՝ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ: Պատգամավորները հայտարարեցին, թե իրենց կուսակցի նվերը հետո կտան: Թե ի՞նչ են նվիրելու, պատգամավորները չբացահայտեցին:
Ոչ իշխանականներից տոնախմբությանը ներկա էին նաև ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուսատմյանը և ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Վերջինս արդարացավ, թե միայն մի քանի րոպեով եկել է՝ շնորհավորի ու գնա:
«Շուն-գել՝ մեր իշխանությունն ա»,- նկատեց Լ.Սարգսյանը՝ միաժամանակ առանց նվերի ներկայանալը պատճառաբանելով, թե հենց ինքը «տեղով մեկ նվեր է»: Սարգսյանը նշեց, թե ՀՀԿ խմբակցության ղեկավարին մաղթելու է իշխանափոխություն և լիազորությունների շուտափույթ վայր դնում, որից հետո ինքը հաճույքով կստանձնի Բաղդասարյանի պաշտոնը: