Բաժիններ՝

Գալուստ Սահակյանը Բիբինից չի վիրավորվել

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չի վիրավորրվել ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի արարքից, ով անտեսել էր ԱԺ հրավերն ու չէր ներկայացել հունիսի 12-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ լսումներին: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Գ.Սահակյանը նշեց, որ Բիբինը հիմնարկի ղեկավար է:

«Ես կարծում եմ, որ ավելի շուտ երկնչելուց չեկավ խորհրդարան, ասելիքը չհիմնավորելու կարողության հետևանքով չեկավ, քան, ինչպես ասում են խորհրդարանականները, որ արհամարել է Ազգային ժողովը,- ասաց Գ.Սահակյանն ու շարունակեց,- Հիմնարկի տնօրենից ինչո՞ւ պետք է վիրավորվեմ, էնքան մարդիկ կան, հրավիրում ենք, չեն գալիս, նրանք Ազգային ժողովի համար որոշակի արժեք չեն: Այսինքն՝ եթե ԱԺ նախագահ ես, կամ ԱԺ, նա պիտի իր լիազորությունը գերազանցի և փորձի իր իշխանական լծակներով մարդկանց խեղդե՞լ: Մենք հրավիրում ենք, եթե չեն գալիս, դա իրենց խնդիրն է»:

Ըստ Սահակյանի՝ նշանակություն չունի Բիբինի ռուս լինելը և եթե նույնիսկ անգլիացի ներկայացուցիչ լիներ, այս հարցում էական չէ, թե որ ազգի ներկայացուցիչ է: Նա նշեց, որ խոսքը վերաբերում էր 106 մլրդ դրամին, հանձնաժողովն աշխատեց, քաղաքացիական հասրակությունն ընդվզեց, խնդիրը գնաց 23 մլրդ դրամի դաշտ, որը գոյացել է դրամ-դոլար փոխարժեքի տատանումով:

Լրատվամիջոցներին Բիբինի հարցազրույցը Գ.Սահակյանը բնորոշեց որպես «գորշ, անիմաստ» մի հայտարարություն. «Մտածել է, որ իրեն մեղադրում են հանցագործության մեջ և նոր հանցակիցներ փնտրելու փնտրտուքի մեջ է: Ավելի կշռելի կլիներ, եթե ոչինչ չխոսեր, քան խոսեց»:

Կարդացեք նաև

ԱԺ նախագահը չհամաձայնեց, որ ավելի լավ կլիներ օլիգարխները հավաքեին ու տային պահանջվող 24 մլրդ դրամն ու սակագինը չթանկանար: Ըստ նրա՝ միևնույն է՝ բյուջեից հանեն, թե հետո բյուջեն համալրեն, դա ազգաբնակչության վրա պիտի լինի: Նա վստահեցրեց, որ ամեն դեպքում կառավարությունն անապահովների համար միջոցներ կձեռնարկի: Մյուս քաղաքացիների մասին ԱԺ նախագահը տարակուսեց, թե ի՞նչ կարող է անել, ինչպե՞ս կարող են աշխատավարձերը բարձրացնել. «Ինչը բարձրանում է, ժողովրդի հաշվին է: Բա ժողովուրդն է ազգը պահում, դու գիտես Գալուստ Սահակյանը կամ մյուսն են ազգ պահո՞ւմ»:

Նախատեսվող բողոքի ակցիայի մեջ Գ.Սահակյանը մեղադրեց լրագրողներին. «Եթե լրատվությունը դու եք, ամբողջ օրը քարոզեք, որ ամեն ինչը թալանեցին, տարան, կերան և այլն, ըդնվզողներ կլինեն»:

«Ամենաշատն իշխանությունները կցանկանան, որ մի մոդել կամ մի երկնային ուժ լինի, ոչ թե թանկանա, այլ նվազի: Դա իշխանությունների իմիջի համար ամենակարևոր խնդիրն է, բայց իշխանությունները ցանկություններով չեն կարող գնալ»,- հավելեց Գ.Սահակյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս