«Հենց իրենք գրոհեցին, ես էլ գրոհեցի». Շահեն Հարությունյանը՝ խաղադաշտ մտնելու մասին
Շահեն Հարությունյանի հիմնական ուղերձն է եղել աշխարհին ցույց տալ, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ: Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Շահեն Հարությունյանը, ով հունիսի 13-ին Հայաստան-Պորուգալիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ իր հոր՝ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի պատկերով վերնաշապիկով, ինչպես նաև պաստառով մտել էր խաղադաշտ: Նա նշեց, որ ակցիան հաջողվել է: «Ես չէի սպասում, որ այսքան բան կարող էր լինել»,- ասաց Շահեն Հարությունյանը:
Նա նշեց նաև, որ ոստիկանություն բերման ենթարկելուց հետո իրեն լավ են վերաբերվել. «Այսինքն՝ ո՛չ խփել են, ո՛չ ինչ-որ վիրավորական արտահայտություններ: Ինչ ճիշն է, դա եմ ասում»: Հարցին՝ արդյոք կա՞ վարչական տույժ կամ որևէ ընթացակարգ, որը հետևելու է այդ ակցիային, Շահեն Հարությունյանը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ իրենք այնտեղ ասացին, որ ՖԻՖԱ-ն ՀՖՖ-ին կտուգանի 100 հազար դոլար, թե եվրո: Դա ասացին՝ քեզ վրա է, բայց չհավատացի, կամ… չգիտեմ: Ինչ-որ այդպիսի բաներ էին խոսում»:
Շահեն Հարությունյանն ասաց, որ առաջին դասարանից սկսած ֆուտբոլ է պարապել. «Պարզապես երևի բոլորդ էլ տեղյակ եք…. օրերը դատարաններում էին անցնում, պարապմունքների չէի գնում, հետո վնասվածքներ…ոչ հաճելի, տհաճ բաներ եղան, ու այդպես թողեցի: Շատ շատերն էին ինձ հարցնում՝ այդ ժամանակ ի՞նչ էիր զգում՝ վազելու ընթացքում կամ այդ պահն ինչպե՞ս եղավ: Ասեմ հետևյալը: Ժողովուրդ ջան, դու համարյա բան չես մտածում: Դու մինչև մտնելը ծրագրում ես քո մտքում, թե ինչ պետք է անես: Դու այդ պահին չես կարող մտածել՝ ինչ անես, ինչպես անես: Դու արդեն ծրագրած ես լինում: Այդ պահին մարդու հավատն է ուժ տալիս մարդուն, որ ինքը մտնի, այդ գործողություններն անի:
Ասում են՝ «Վիվարոյում» խաղադրույք է կատարել: Այդպիսի բան չկա: Հաստատ ասում եմ: Հետո ասում են՝ գրազ է խաղացել: Կարծիքներ եմ լսել, թե այնտեղ միտումնավոր թողել են, որ իբր Հայաստանի անունի վրա բիծ լինի: Իրենք չեն թողել ինձ: Ուղղակի այդ պահի տակ ես հարմարացրեցի ու մտա դաշտ: Այդքան բան»,- ասաց Շահեն Հարությունյանը: Նա նշեց, որ որոշել էր 2-րդ րոպեին մնել խաղադաշտ. «Բայց այնպես ստացվեց, որ Հայաստանի գրոհն էր: Արդեն գիտեի, որ պետք է մտնեմ, ուրիշ տարբերակ չունեմ, բայց ինձ թվաց՝ Հայաստանի գոլը կփչացնեմ, սպասեցի, որ պորտուգալացիները գրոհեն: Հենց իրենք գրոհեցին, ես էլ գրոհեցի: Ու այդպես ստացվեց այդ ամեն ինչը»:
Շահեն Հարությունյանն ասաց, որ Քրիշտիանու Ռոնալդուի երկրապագուն չէ. նա նշեց, որ կարող էր որևէ մեկի նկատմամբ համակրանք ունենալ, բայց ոչ մեկի չի մոտեցել. «Ես իր կողքով (նկատի ունի Ռոնլդուին Օ. Հ.)անցել եմ, չեմ նկատել, որ իր կողքով եմ անցնել: Ինձ համար այդտեղ միևնույնն է եղել՝ ֆուբոլիստներն ովքեր կլինեն: Ափսոսում եմ, որ պաստառս երկար չմնաց: Այդքան բան»: Լրագրողների դիտարկմանը, որ Քրիշտիանու Ռոնալդուն պահել էր պաստառը, Շահեն Հարությունյանն արձագանքեց. «Հետո ես կադրերով տեսել եմ, որ Ռոնալդուն բարձացրել էր: Ուրախ եմ դրա համար: Կրկնում եմ՝ ոչ թե որ Ռոնալդու ֆուբոլիստն է բարձրացրել, այլ որ հայտնի մարդը բարձրացրել է, ու ԶԼՄ-ները նկարել են այդ ամենը»:
Օֆելիա Հովհաննիսյան