«Վախենամ, որ այս քաղաքական միջոցառման արդյունքում կուտակված կապիտալն Ալիևը փորձի օգտագործել ռազմական սադրանքի ժամանակ»

«Ադրբեջանն ընդամենը շահել է այս խաղերն առաջինն անցկացնելու իրավունքը, որը, իհարկե, մեծ պատիվ է այդ երկրի համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Բաքվում օրերս մեկնարկած Եվրոպական օլիմպիական խաղերի մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ խոսքը գնում է մեծ գումարներ ծախսելու պատրաստակամության մասին, և տարբեր եվրոպական քաղաքներ հրաժարվել են ուղղակի, պարտվել են Բաքվին այդ միջոցառումն իրենց մոտ բերելու գործում, «քանի որ հայտը շատ հրապուրիչ է եղել»:

Ըստ Լ. Մարտիրոսյանի՝ այստեղ քաղաքական մասը նույնպես ակնհայտ է. Ադրբեջանի նախագահն իր սեփական PR-ն է անում, ինչը, ըստ բանախոսի՝ նույնպես հասկանալի է. «Չեմ կարծում՝ ինչ-որ քաղաքական լուրջ հետևանքներ կունենա այն, որ մի քանի նախագահ ժամանել են, և այնտեղ հանդիպումներ են տեղի ունեցել: Ակնհայտ նաև երևում է, որ եվրոպական ժողովրդավարական երկրների ղեկավարները բոյկոտել են այս միջոցառումը, և լրատվական դաշտը նույնպես բոյկոտել է և չի լուսաբանում»:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանն էլ համաձայնելով Լ. Մարտիրոսյանի գնահատականների հետ՝ նկատեց, որ, երբ Բաքվին տրվում էր այդ իրավունքը, առաջին հերթին՝ եվրոպացիներն էլ հասկանում էին Ադրբեջանի «ցուցամոլությունը», առավելագույնս շատ փող ծախսելու պատրաստակամությունը:

Նա նաև նկատեց, որ Բաքվին մշտապես տրվել է նման հեղինակավոր միջոցառումներ անցկացնելու հնարավորություն՝ հավատալով, որ դրա միջոցով կազդեն թե՛ նրա վարքագծի վրա, թե՛ Ադրբեջանում կատարվողի վրա:

«Իհարկե, տարիներ առաջ չէին կարող պատկերացնել, որ Բաքուն այս աստիճան համառ և անկառավարելի կդառնա: Տեսանելի է, որ Բաքուն միանգամայն այլ նպատակներ է ծառայեցնում: Սա միայն և միայն Ալիևի PR-ի խնդիրը չէ, Բաքուն ակնհայտորեն նման միջոցառումները, այս մեկը՝ հատկապես, օգտագործում է ներքին մոբիլիզացիան ուժեղացնելու առումով»,- ասաց Ստ. Սաֆարյանը՝ նշելով, թե դժվար է ասել, թե որքանով է դա Ալիևի մոտ ստացվում:

Նա կարծում է, որ Ադրբեջանը փորձում է համոզել իր հասարակությանը, որ իրենք հաղթող պետություն են, ամեն ինչ կարող են անել, եթե նման միջոցառումներ են կազմակերպում:

«Ես վախենամ, որ այս քաղաքական միջոցառման արդյունքում կուտակված կապիտալն Ալիևը փորձի օգտագործել ռազմական սադրանքի ժամանակ, մի բան, որն իրեն շատ էր պակասում անցյալ տարի»,- նշեց Ստ. Սաֆարյանը:

Տեսանյութեր

Լրահոս