Կա՞ արդյոք տնտեսությունում աճ, թե՞ չկա
Անցած տարվա բյուջեի կատարողականի խորհրդարանական քննարկումների ժամանակ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը հայտարարեց, թե «լալահառաչ» պնդումներն իրադրության վատթարացման շուրջ այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը, իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձանագրեց, որ դեկտեմբերին արժույթի շուկայում ճգնաժամից հետո ՀՀ բնակչության գնողունակությունն ընկել է:
Թե ինչպե՞ս է մեկնաբանում այս հակադրությունը` հարցին ի պատասխան, 168.am-ի հետ զրույցում Վ.Գաբրիելյանը հայտարարեց, թե ինքը չի ասում, որ վիճակը լավն է. «Ես ասում եմ, որ մենք ունենք չնչին աճ, որը նշանակում է, որ կա որոշակի արտադրություն, և կենսամակարդակի տեսակետից նաև ուրիշ բաներ եմ նշել: Սպառման վրա ազդել է դրսից եկող տրանսֆերտների նվազումը, ոը մեզ մոտ էապես ազդում է սպառման վրա, որովհետև բավականին մեծ զանգված դրանով պահանջարկ էր ներկայացնում, դրա հետևանքով տնտեսական աճ էր տեղի ունենում, և այլն: Բնականաբար, մի ստվար զանգվածի համար խնդիրներ առաջացել են: Բնականաբար, երբ արժույթի փոխարժեքը փոխվել է, իմ և Ձեր գնողունակության վրա ազդեցություն ունեցել է, եթե հատկապես խոսում ենք ներմուծվող ապրանքների մասին:
Սակայն ես, այդ ամեն ինչը հաշվի առնելով, ասում եմ՝ եկեք նայենք ընթացիկ զարգացումները: Կա՞ արդյոք տնտեսությունում աճ, թե՞ չկա: Ես չեմ ասում, որ գործազրկության առումով վիճակը լավացել է, ասում եմ՝ մասնավոր հատվածում աշխատանքը շարունակողների մոտ ունենք աշխատավարձի աճի տեմպի գերազանցում գնաճի աճի տեմպին վերջին 12 ամիսներով: Սա նշանակում է, որ այն մարդիկ, ովքեր շարունակում են աշխատել, նրանց մոտ իրավիճակի վատթարացում չկա: Այն մարդիկ, ովքեր հիմնականում սպառում էին այլ միջոցներից, որոնց մոտ նպաստները չբարձրացան, դրսից ստացվող տրանսֆերտները չբարձրացան, նրանց մոտ խնդիրներ կան: Հիմա տնտեսությունն այնպիսին չի, որ դնեք մի թվով նկարագրեք, բազմազան է: Իմ ասածը ոչ թե այն էր, որ խնդիրներ չկան, այլ, որ խնդիրները չափի մեջ են, և որոնք մենք միտված ենք լուծելու»: