Ադրբեջանի և ՌԴ-ի չափազանց մերձեցումը հակասում է հայկական շահերին. Մասիս Մայիլյան
«Ռուսաստանը պահում է հավասարակշռությունը ԼՂ հակամարտության կողմերի միջև»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը` պատասխանելով հարցին, թե ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա ինչպես կանդրադառնա այն հանգամանքը, որ Բաքուն և Մոսկվան Արևմուտքի հետ հարաբերությունների տեսանկյունից նույն նավակում են հայտնվել և Եվրոպական խաղերի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Բաքու մեկնած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել ԼՂ հակամարտության ներկայիս իրավիճակը:
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ղարաբաղյան թեման քննարկման առարկա է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների և Հայաստանի, Ադրբեջանի նախագահների հետ բոլոր հանդիպումների ժամանակ: Ըստ նրա` դա բնական է:
«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Ռուսաստանը ջանում է պահել հավասարակշռությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում: Իհարկե, Ադրբեջանի և ՌԴ-ի չափազանց մերձեցումը, այդ թվում այդ երկրի հնարավոր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, հակասում է հայկական շահերին»,- ասաց Մասիս Մայիլյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: