Բաժիններ՝

Հայաստանի Ազգային պատկերասրահը նոր տնօրեն ունի

Ժամեր առաջ ավարտվեց Մշակույթի նախարարությունում մեկնարկած Ազգային պատկերասրահի տնօրենի թափուր պաշտոնի համար նախատեսված «ծածկադմփոց մրցույթը», որի արդյունքներով ձայների 9 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ տնօրեն «ընտրվեց» Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Արման Ծատուրյանը: Հիշեցնենք, որ Մշակույթի նախարարությունը, անհասկանալի պատճառներով, մինչև վերջին պահը տեղեկատվություն չէր տալիս Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրենի թեկնածուների մասին: 168.am-ն օրեր առաջ այլ աղբյուրներից մի կերպ էր կարողացել ճշտել նրանց անունները:

Ընտրությունների ավարտից հետո Ա. Ծատուրյանը հրաժարվեց որևէ կերպ մեկնաբանել իր հաղթանակը, նպատակահարմար չգտավ ներկայացնելու հայեցակարգն ու տեսլականը, փոխարենը՝ հայտարարեց, որ իրեն դեռևս չի համարում այդ կառույցի նոր տնօրեն՝ մինչև եռօրյա ժամկետում Մշակույթի նախարարի կողմից կստորագրվի համապատասխան հրամանը: Այնուամենայնիվ, թեկնածուն մրցույթին ներկայացել էր սեփական հայեցակարգով, Պատկերասրահի զարգացման իր տեսլականով, բարձր տրամադրությամբ ու գերատեսչության դռների արանքներից անկաշկանդ կատակներ անելու անսպառ եռանդով: Մեր այն դիտարկմանը, որ իր գիտական գործունեությունը (կենսագրության մեջ նշված է, որ նա արվեստաբանության թեկնածու է) քիչ հայտնի է՝ նույնիսկ նեղ մասնագետների շրջանակներում, Ա. Ծատուրյանը ռեպլիկի կարգով արձագանքեց. «Տնօրեն դառնալու համար գիտնական լինել պետք չէ, կարևորը ղեկավարելու ձիրքն է»:

Հիշեցնենք, որ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Արման Ծատուրյանի անունը կապվում էր նաև նախորդ տարի հայտարարված Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հետ:

Արման Ծատուրյանը 36 տարեկան է: Ավարտել է միջնակարգ հանրակրթական, այնուհետև՝ հատուկ արվեստի դպրոց, ուսանել է Գեղարվեստի Պետական ակադեմիայում, մասնակցել «Սորոս» հիմնադրամի կողմից կազմակերպված դասընթացներին: Արվեստաբանության թեկնածու է, դասախոսել է Գեղարվեստի պետական ակադեմիայում: Զբաղվում է համերգային կազմակերպչական գործունեությամբ, ունի հրատարակված աշխատանքներ: Ի դեպ, նա, ըստ մշակութային շրջանակների՝ այդ ամենին հասել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հովանավորության շնորհիվ, ում հետ քավորսանիկային և որոշ բիզնեսային հարաբերություններ ունեն:Եվ դրանով էր նաև պայմանավորված այն հանգամանքը, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպիչը և գլխավոր տնօրենը դարձյալ Արման Ծատուրյանն էր:

Կարդացեք նաև

Ինչպես արդեն տեղեկացրել էինք` Պատկերասրահի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցում էին ևս երկու թեկնածուներ՝ Արթուր Ավագյանը և Սաթենիկ Վարդանյանը:

Մրցույթի երկրորդ փուլը հաղթահարած մյուս թեկնածուն՝ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող Արթուր Ավագյանը, լրագրողների հետ զրույցում ներկայացրեց իր հայեցակարգի հիմնական շեշտադրումները՝ ընդգծելով Պատկերասրահի գիտական աշխատանքների ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը, դրանից բխող հանրահռչակման աշխատանքները, մասսայականացման և այդ կապի արդյունավետ ապահովումը: Թեկնածուն, սակայն, ձայների 9 դեմ, 1 կողմ հարաբերակցությամբ լքեց Մշակույթի նախարարության շենքը:

Երրորդ թեկնածուն՝ արվեստաբան Սաթենիկ Վարդանյանը, մրցույթը լքեց դեռ առաջին փուլից՝ իր օգտին գրանցելով անհրաժեշտ 90-ից՝ 88 միավոր:

Հանձնաժողովի նախագահ, Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, ամփոփելով մրցույթի արդյունքները, հայտարարեց. «Ընտրություններն անցել են բարյացակամ, դրական և ժողովրդավարական մթնոլորտում: Անշուշտ, ներկայացված երեք թեկնածուներից ամենաշատ թվով գիտական աշխատություններ ուներ Սաթենիկ Վարդանյանը, բայց նա առաջին փուլում չհաղթահարեց անցողիկ շեմը և դուրս մնաց մրցույթից, Արթուր Ավագյանը, ցավոք, ձայների 9 դեմ, 1 կողմ հարաբերակցությամբ դուրս մնաց մրցույթի երկրորդ փուլում: Հաղթեց Արման Ծատուրյանը, ով գիտությունների թեկնածու է, ինչպես նաև ունի կառավարման հարուստ փորձ»: Թափուր պաշտոնին դիմումատուների սակավության փաստն Ա. Սամուելյանը մեկնաբանեց մրցույթում նոր չափորոշիչների ներմուծմամբ. «Պայմանների մեջ առաջին անգամ շեշտվել է պարտադիր գիտության թեկնածու լինելու հանգամանքը, որովհետև Ազգային պատկերասրահը լրջագույն գիտական հիմնարկ է»: Իսկ «հաղթող» թեկնածուն, փաստորեն, այլ կարծիքի է. ինչպես ասել էր՝ «Տնօրեն դառնալու համար գիտնական լինել պետք չէ, կարևորը ղեկավարելու ձիրքն է»:

Հիշեցնենք, որ հանձնաժողովը բաղկացած էր 11 անդամից (անդամներից մեկը չներկայացավ մրցույթին), նախագահը Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն էր, իսկ հանձնաժողովի անդամները՝ Արա Հակոբյանը, Անատոլի Գրիգորյանը, Արևիկ Պետրոսյանը, Վիգեն Ղազարյանը, Հակոբ Սիմոնյանը, Հենրիկ Սոլախյանը, Արմինե Խաչատրյանը: Մրցույթն անցկացվում էր երկու՝ թեստավորման և հարցազրույցի փուլերով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս