Մենք պահանջներ ունենք ՀԷՑ-ի սեփականատիրոջից. Ե.Զախարյան.
ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման խնդրի շուրջ լսումների ժամանակ
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը խոսեց ստեծված բարենպաստ միջավայրի արդյունքում էներգետիկ ոլորտում իրականացված ներդրումներից, նշեց մի քանի հանգամանք, որոնց շնորհիվ կանխվել է էլեկտրաէներգիայի թանկացումը՝ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կառուցում, Իրան-Հայաստան գազատարի կառուցման արդյունքում Երևանի ՋԷԿ-ի վերականորոգում, ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացում:
Ըստ նրա՝ այդ ներդրումները վերադարձնելու միակ աղբյուրը սակագինն է և, իհարկե, դա ազդեցություն կունենա սակագների վրա: Նա նշեց, որ սակագնի վրա ազդում են նաև վերանորոգումների համար իրականացված ներդրումները, օրինակ՝ անցած տարում Երևանի ՋԷԿ-ում ներդրումներ արվեցին, որի արդյունքում արտադրված էլեկտրաէներգիայի գինը նվազելու է 1.3 դրամով:
Ե.Զախարյանը խոսեց նաև ՀԷՑ-ի վարկային պարտավորություններից, չփոխհատուցված վնասից ՝ 23.4 մլրդ դրամ, որի օբյետկտիվ պատճառների մասին, ըստ նրա, տարբեր ամբիոններից խոսվել է. «Եթե հանձնաժողովը չնախատեսի այդ գումարը սակագնում, ապա դա կառաջացնի շղթայական սնանկացման գործընթացներ, ընդհուպ մինչև բանկեր»:
Նախարարը միաժամանակ հայտարարեց, որ այս հանգամանքները պետք է հստակ տարանջատել ՀԷՑ-ում կառավարման բացթողումներից, որը բերում է էլեկտրաէներգիայի կորուստների առաջացման, ցածրորակ էլեկտրաէներգիայի մատակարարման, կորուստների բարձր մակարդակի, ինչի հետևանքով առաջանում է սպառողների արդարացի դժգոհությունը:
Ե.Զախարյանը նշեց, որ իրենք պահանջներ ունեն սեփականատիրոջից և վերջին ամիսներին «ՌԱՈ ԵԷՍ»-ի հետ քննարկվել են մենեջմենթի հարցերը, հաստատվել է համապատասխան ծրագիր, մշակվել են էներգետիկ համակարգի բարելավմանը, ծառայությունների որակի բարձացմանը, կորուստների կրճատմանն ուղղված առաջարկություններ: Ըստ նրա՝ առաջիկա 1-2 տարիներին ընթացքում 1.5-2%-ով կնվազեն կորուստները: