Գիտական տուրիզմի հեռանկարները Հայաստանում
Երեկ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահությունում տեղի ունեցավ «Գիտական տուրիզմի հեռանկարները Հայաստանում» թեմայով միջոցառում, որին մասնակցեցին ՀՀ ԳԱԱ ինստիտուտների և տուրիստական գործակալությունների ներկայացուցիչները:
Միջոցառումը վարեց Տուրիզմի հայկական ինստիտուտի (ՀՏԻ) ռեկտոր Ռոբերտ Մինասյանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: ՀՀ ԳԱԱ նախագահն իր խոսքում նշեց, որ տուրիզմի գաղափարում ընկած է հենց գիտությունը, չէ որ տուրիստն այցելելով նոր վայր քաղում է ինֆորմացիա, որ նախկինում չի տիրապետել: Ելույթ ունեցան նաև ՌԴ դեսպանության և Ռոսոտռուդիչեստվո կազմակերպության ներկայացուցիչները:
Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը ներկայացրեց Տուրիզմի հայկական ինստիտուտի գիտական տուրիզմի նորաստեղծ ամբիոնի առաջիկա գործունեության ծրագիրը, այդ թվում դասախոսություններ, ուսանողների պրակտիկա, այցելություններ գիտական հաստատություններ, մրցույթներ և այլ միջոցառումներ:
Տեղի ունեցավ նաև «Ռուսական հետք. Ռուսաստան-Հայաստան» գրքի շնորհանդեսը: Գիրքն ամփոփում է 2012, 2013 և 2014 թվականներին կազմակերպված ՀՀ-ում և Արևմտյան Հայաստանի Կարսի նահանգում գիտա-տուրիստական արշավների արդյունքները:
Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ