Բաժիններ՝

Երեխայի պորտալարը չպետք է գցել, դրա մեջի արյունը մաքուր է, անբասիր և կարող է մարդու կյանք փրկել. Մասնագետ. panorama.am

panorama.am-ի փոխանցմամբ՝ հղիության ընթացքում մորն ու երեխային կապող պորտալարը ծննդաբերության ժամանակ աշխարհի առաջատար մասնագետները խորհուրդ են տալիս դեն չնետել. դրանում եղած արյունը մարդկային կյանքեր է փրկում: Ոսկրածուծի քաղցկեղի բուժման նպատակով աշխարհում մեծ տարածում ունեցող այս մեթոդի ներդրմամբ Հայաստանում սկսել են աշխատել 2014 թվականի հոկտեմբերից:
Ծրագիրն իրականացնում է Հայաստանում գործող Բիո Ստեմ հունական կազմակերպությունը, իսկ պորտալարից վերցված արյունը պահպանվում է Ոսկրածուծի հայկական ռեեստր հիմնադրամում, հատուկ պայմաններում:

«Ծնվելու ժամանակ, երբ երեխային պորտալարից անջատում են, մի քանի րոպե ընկերքը դեռ արգանդին կպած է, պորտալարն էլ դուրս է եկած: Պորտալարային արյունը ամենամաքուր, ամենաանբասիր ու շատ իմունոֆերմենտներով ու ցողունային բջիջներով հարուստ արյուն է: Մաման երբ վիտամիններ է ստանում, արյունը ֆիլտրվում է ու պորտալարի միջոցով անցնում երեխային: Այդ պորտալարային արյունը ծննդաբերությունից հետո` կապ չունի կեսարյան հատում է, թե սովորական ծննդաբերություն, մասնագետները հավաքում են հատուկ կոնտեյներների մեջ, ստացվում է մինչև 100 գրամ արյուն, այդ արյունից անջատում ենք ցողունային բջիջները, որոնք էլ սառեցնում ենք ու պահում հեղուկ ազոտի մեջ, -183 ջերմաստիճանային պայմաններում», –Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց Հիմնադրամի նախագահ Սևակ Ավագյանը:

Նրա խոսքով, եթե ժամանակի ընթացքում, Աստված մի արասցե, երեխան հիվանդացավ արյան որևէ չարորակ հիվանդությամբ, ժամանակին նրա պորտալարից վերցրած ու խնամքով պահպանված ցողունային բջիջը կարող է կյանք պարգևել նրան: Ցողունային բջիջներն օգտագործվում են 70-ից ավելի հիվանդությունների բուժման ժամանակ, այդ թվում` լեյկեմիա, իմունոդեֆիցիտ, միելոմա, բջջային անեմիա, լիմֆոմա, թալասեմիա: Ի դեպ, ներկայումս ցողունային բջիջներով բուժումը հետազոտման փուլում է շաքարային դիաբետի, ալցհեյմերի, պարկինսոնիզմի, ուղեղային կաթվածի, ողնուղեղի վնասվածքների, ինսուլտի և մկանային դիստրոֆիայի դեպքերում:

Ընդհանրապես, աշխարհում կան հանրային և մասնավոր պորտալարային բանկեր: Հանրային պորտալարային բանկը հիմնում է պետությունը, երբ ոչ մի պորտալար բիոաղբ չի դառնում և դրա արյունը պետության ֆինանսավորմամբ պահպանվում է: Իսկ մասնավոր բանկի պարագայում սկզբում անձի ծնողները, այնուհետև չափահաս դառնալուց հետո ինքն է տնօրինում իր պորտալարի արյունը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս