Արման Մուսինյան. «Քանի դեռ կա այս վարչախումբը, ընտրությունների որակը լինելու է նույնը»

Ինչպես հայտնի է, հունիսի 7-ին Աբովյան և Արտաշատ քաղաքներում տեղի ունեցան քաղաքապետի ընտրություններ: Աբովյանում ընտրությունների արդյունքում 5 թեկնածուներից քաղաքապետ է ընտրվել Վահագն Գևորգյանը, ում սատարում էին ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և ՀՀԿ-ն: Իսկ Արտաշատում քաղաքապետ է ընտրվել միակ թեկնածուն՝ Արգամ Աբրահամյանը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին:

168.am-ը Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) մամուլի խոսնակ Արման Մուսինյանից հետաքրքրվեց՝ ինչքանո՞վ կա վստահություն այս 2 ընտրությունների նկատմամբ՝ հաշվի առնելով, որ Արտաշատում քաղաքապետ ընտրվեց վարչապետի որդին, իսկ Աբովյանում ընտրվեց այն թեկնածուն, որին սատարում էին ԲՀԿ նախկին առաջնորդը և Հանրապետական կուսակցությունը:

Ի պատասխան մեր հարցի՝ Ա. Մուսինյանն ասաց, որ Արտաշատի ընտրությունների պարագայում հարցի պատասխանը հենց արտացոլված է հարցի մեջ. «Աբովյանի ընտրությունների պարագայում էլ որևէ կերպ չենք քննարկել, բայց վստահ եմ, որ Հայաստանում ընտրությունների ավանդույթը նույն կերպ շարունակվում է, և ոչ մի բան չի փոխվել, իսկ այս իշխանության պարագայում չի էլ փոխվելու: Ամասիայից մինչև Մեղրի, կամ Արմավիրից մինչև Նոյեմբերյան ընկած որևէ տեղ այս իշխանությունը նորմալ ընտրություն չի կարող կազմակերպել: Ընտրություններն այն են, ինչ եղել են»:

Հարցին՝ ինչո՞ւ էր Արտաշատում մեկ քաղաքապետի թեկնածու, արդյոք այն պատճառո՞վ, որ վարչապետի որդին էր առաջադրված, ու, ամեն դեպքում, մրցակցություն չէր լինելու, Ա. Մուսինյանն այսպես արձագանքեց. «Այստեղ դա չէ էականը, այլ ընտրությունների որակը, որը Հայաստանում բացակայում է, և քանի դեռ կա այս վարչախումբը, ընտրությունների որակը լինելու է նույնը»:

 

Տեսանյութեր

Լրահոս