Ինչու է նախկին վարչապետը 1 մլն դրամ պահանջում

Ինչպես հայտնի է, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայց է ներկայացրել  գործարար Փայլակ Հայրապետյանի դեմ: Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչն է պատճառ դարձել, որ հայց է ներկայացվել, Տիգրան Սարգսյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանն ասաց. «Մեր վստահորդի կարծիքով՝ եղել է զրպարտություն և համապատասխան հայցադիմում է ներկայացվել: Այս պահին մանրամասներ չէի ցանկանա քննարկել, քանի որ ինչպես տեսաք, առաջին դատական նիստը դեռևս չկայացավ երրորդ անձի՝ ծանուցված չլինելու պատճառով և մինչև դատական նիստը չէի ցանկանա մեկնաբանել որևէ բան»:

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր է իր վստահորդին տեսնեն դատարանում՝ նիստերի ընթացքում, Արամ Օրբելյանը պատասխանեց, որ դժվարանում է ասել. «Կարծում եմ՝ ոչ, բայց չեմ կարող բացառել»:

Որպես փոխհատուցում Տիգրան Սարգսյանը պահանջել է նաև 1 մլն դրամ բռնագանձել: Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ է 1 մլն դրամ պահանջում, Արամ Օրբելյանը պատասխանեց, որ կրկին չի կարող մեկնաբանել, քանի դեռ դատական նիստը չի եղել, քանի որ գումարի չափը ևս դատավարական քննարկման խնդիր է:

Հարցին՝ ինչո՞ւ հայց ներկայացվեց այս հրապարակման հետ կապված՝ հաշվի առնելով, որ Փայլակ Հայրապետյանի կողմից բազմաթիվ մեղադրանքներ են հնչեցվել Տիգրան Սարգսյանի հասցեին, Արամ Օրբելյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել կրկին, որովհետև մենք վստահորդի հետ քննարկել ենք կոնկրետ այս հոդվածի հետ կապված խնդիրները: Մենք՝ որպես փաստաբանական գրասենյակ և փաստաբաններ ունենք մեր դիրքորոշումը կամ իրավաբանական խորհրդատվությունը տվել ենք կոնկրետ այս հոդվածի հետ կապված և դատարան դիմելու հարցը քննարկվել է միայն այս հոդվածի հետ կապված: Այլ հրապարակումների, այլ հայտարարությունների հետ կապված քննարկում չենք ունենցել: Ես չեմ կարող ասել պատճառները կամ առիթները դիմելու կամ չդիմելու»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս