Սկսվեց Տիգրան Սարգսյանն ընդդեմ Փայլակ Հայրապետյանի հայցի քննությունը

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդդեմ գործարար Փայլակ Հայրապետյանի հայցի քննությունը:

Դատարան չէր ներկայացել երրորդ անձ ճանաչված Գագիկ Շամշյանը. ուղարկված ծանուցման ծրարը վերադարձվել էր՝ դատարան:

Հայցվոր Տիգրան Սարգսյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանն ասաց, որ առանց երրորդ անձի կարող են շարունակել դատական նիստը: Նա նշեց նաև, որ կփորձեն ճշտել որևէ այլընտրանքային հասցե, որով կկարողանան ծանուցել նրան:

Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը՝ նշելով, եր երրորդ անձի մասնակցությունը շատ կարևոր է այս գործում, վիճարկվում է հարցազրույցը, որը հրապարակվել է հենց այդ լրատվամիջոցով:

Դատարանը գտավ, որ այս պահին նախնական քննություն չի կարող իրականանալ:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 15-ին :

Նշենք, որ Տիգրան Սարգսյանը պահանջում է իր կարծիքով զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքել և մեկ միլիոն ՀՀ դրամ գումար բռնագանձել:

Տեսանյութեր

Լրահոս