
«Էլեկտրաէներգիայի սակագինը կթանկանա 6.9-7 դրամով». Ռոբերտ Նազարյան

Կիրակի օրը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման շրջանակներում՝ Սաթիկ Սեյրանյանի հետ զրույցում ասաց, որ հոսանքի գինը կթանկանա 6.9-7 դրամով
։ Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) վատ կառավարումն ու ավելորդ շքեղությունները զրոյական դերակատարում են ունենալու սակագնի հաշվարկման հարցում։
Ըստ Ռ. Նազարյանի՝ այս պահի դրությամբ Հայաստանի էներգետիկ դաշտում շուրջ 37 միլիարդ դրամի վնաս է կուտակվել՝ հատկապես սակավաջրության ու Ատոմակայանի վերանորոգման պատճառով 88 օր չաշխատելու, դոլար/դրամ փոխարժեքի, պատճառով:
Եվ, որպեսզի Հայաստանի էներգետիկ համակարգը լրջագույն խնդիրների առջև չկանգնի՝ պետք է թանկացնել սակագինը: 7 դրամով թանկացումը հենց այն թիվն է, որի միջոցով պլանավորում են այս վնասները փակել մեկ տարում։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը հավելեց, որ այս բարձրացումն անհրաժեշտ է նաև, որպեսզի ՀԷՑ-ը կարողանա իր վարկերը սպասարկել, քանի որ հիմա այն գերծանրաբեռնված է վարկերով և ունի վարկերն ու այլ պարտավորությունները սպասարկելու խնդիր: ՀԷՑ-ը այնպիսի ծանրագույն վիճակում է, որ բանկերի կողմից հայտնվել է վարկառուների սև ցուցակում: