
Հանձնարարել է պատրաստել Կենդանաբանական այգու վերակառուցման երկրորդ փուլի նախագծանախահաշվային փաստաթղթերը

Մայրաքաղաքում շարունակվող կանաչապատման և ծաղկապատման աշխատանքների մասով քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջանների ծաղկապատման համար նախատեսված տարածքներ է տեղափոխվել 1 մլն 200 հազար ծաղկասածիլ: Զուգահեռ կանաչապատման աշխատանքների շրջանակում 14 հազար ծառերի բուժման աշխատանքներ են կատարվել: Հանձնարարվել է ակտիվացնել հատկապես ոռոգման համակարգերի անցկացման և խոտհունձի կազմակերպման աշխատանքները: Մայրաքաղաքում ծառի տապալման վերջին դեպքի հետ կապված էլ քաղաքապետը հանձնարարել է լրացուցիչ ուսումնասիրություն իրականացնել և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել համապատասխան քայլեր՝ այդ մասին մանրամասն իրազեկելով նաև հանրությանը:
Անդրադառնալով կենդանաբանական այգու վերակառուցման ծրագրով իրականացված աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախագծային աշխատանքներ տանել ծրագրի երկրորդ փուլի իրականացման ուղղությամբ:
«Մեր համաքաղաքացիներին տրված խոստման համաձայն՝ հաջողությամբ ավարտեցինք Կենդանաբանական այգու վերակառուցման առաջին փուլը և հունիսի 1-ին, այգին իր այցելուներին դիմավորեց նորովի: Կատարված լայնածավալ աշխատանքներն ընդգրկում են ամբողջ վերակառուցման ծավալի շուրջ 75 տոկոսը: Այժմ պետք է աշխատանքներ տանել երկրորդ փուլի իրագործման ուղղությամբ: Այդ նպատակով կազմեք նախագծանախահաշվային անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, որպեսզի կարողանանք ծրագիրը ներառել 2016 թվականի բյուջեում և արդեն 2017-ին ծրագիրն ամբողջությամբ ավարտենք», – ընդգծել է Երևանի քաղաքապետը: