Թուրքիայի հայ համայնքն ընտրություններում բացարձակ ֆավորիտ կուսակցություն չունի
Թուրքիայում այսօր՝ հունիսի 7-ին, կանցկացվեն խորհրդարանական հերթական ընտրությունները, որոնց մասնակցող բոլոր կուսակցությունների ցուցակներում ընդգրկված են նաև հայ համայնքը ներկայացնող հայ թեկնածուներ։
Այս ընտրություններում ամենադժվարին իրավիճակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն է, քանի որ նրա ներկայացրած կուսակցության հեղինակությունը բավական նվազել է, սակայն Էրդողանն այնուամենայնիվ ծրագրում է ստանալ ձայների մեծամասնությունը, ապա նոր Սահմանադրություն մշակելու հնարավորություն։ Իսկ նոր Սահմանադրությունը փոխելու է երկրի կառավարման համակարգը` ընդլայնելով նախագահի լիազորությունները։ Ընդդիմադիր քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը, որը, ամենայն հավանականությամբ, կունենա հայ համայնքի մեծամասնության քվեն, հայտարարել է, որ ընտրություններում հաղթանակի դեպքում առաջ է քաշելու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ու Ցեղասպանության ճանաչման հարցը` արագացնելով Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացը, որին օրերս հակաքայլով պատասխանեցին իշխանությունները` հայ համայնքին վերադարձնելով «Հայկական ճամբար» անունը կրող պատմամշակութային կառույցը, որը պատրաստվում էին վերակառուցել։
Այնուամենայնիվ, հասարակական տրամադրությունները վհատեցնում, ջղաձգում են Էրդողանին, ով նախընտրական արշավի ավարտին ցեխ է շպրտում ընդդիմադիրների և փոքրամասնությունների դեմքին` հասկանալով, որ կուսակցությունը կարող է քիչ ձայներ ստանալ այս անգամ` կասկածի տակ դնելով իր իշխանության վերարտադրությունը։
Վերջին շաբաթներին անցկացված սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն ընտրարշավի առաջատարն է։ Gezici կենտրոնի կողմից մայիսի 17-ին հրապարակված վերջին հետազոտության արդյունքների համաձայն` իշխող իսլամիստները հունիսի 7-ի ընտրություններում կարող են ստանալ քվեների՝ 38, իսկ երկրի առաջատար ընդդիմադիր կուսակցությունը` Ժողովրդա-հանրապետականը, 30 տոկոսը։ Նույն հետազոտության տվյալների համաձայն` «Ազգայնական շարժում» կուսակցությունը կարող է հավակնել քվեների 17 տոկոսին։ Ինչ վերաբերում է քրդերի շահերը ներկայացնող Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությանը, ապա այն, ըստ Gezici-ի հարցման տվյալների, ի վիճակի է հաղթահարել խորհրդարանում ներկայացված լինելու համար անհրաժեշտ 10 տոկոսանոց նվազագույն շեմը, ինչը կնշանակի` հեղափոխություն Թուրքիայի նման երկրի համար։
Մեզ հետ զրույցում Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» թերթի հայկական հրատարակության խմբագիր Բագրատ Էստուկյանն ասաց, որ նախընտրական քարոզարշավն անցավ բավականին լարված մթնոլորտում, որովհետև այս ընտրությունները ճակատագրական են լինելու իշխող կուսակցության համար։ Ըստ Էստուկյանի` սոցիոլոգիական հարցումների տվյալներն ապացուցում են, որ այդ կուսակցության ձայները կկրճատվեն զգալիորեն, և դրանց փոխարեն` ընդդիմադիր Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը կհաղթահարի 10%-անոց արգելքը, ինչը Թուրքիայում ամենաբարձր արգելքն է։
«Բայց այս ընտրություններում կարծես քրդական շարժումը` իր Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությամբ, պետք է հաղթահարի այս արգելքը, և հայերը մեծամասնությամբ այդ կուսակցությանն են զորակցելու։ Հայ թեկնածուներ ևս կան այդ ցուցակում, հատկապես Կարո Պալյանը, հավանական է, որ կհայտնվի խորհրդարանում։ Այս շրջանում մենք նվազագույնը 2-3 ազգությամբ հայ պատգամավոր կունենանք խորհրդարանում, որոնք ներկայացված են այլ կուսակցությունների ցուցակներով։ Նախկինում մենք պատգամավոր չենք ունեցել շատ երկար տարիներ ի վեր»,- պարզաբանեց Բագրատ Էստուկյանը։
Իր հերթին` Թուրքիայում լույս տեսնող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կիրակի օրվա ընտրությունները Թուրքիայի պատմության ամենակարևոր ընտրություններն են լինելու, քանի որ բեկում են նախանշում` իշխանության ձայների կտրուկ նվազում։ Ըստ նրա` այս կամ այն կուսակցության վրա հույս դնելու անհրաժեշտություն հայ համայնքը չունի։ «Օրինակ` Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը Թուրքիայի հայ համայնքին ներկայացնում է այնքանով, որքանով մյուս կուսակցություններն են ներկայացնում կամ չեն ներկայացնում նույնիսկ այնքան, որքան մյուս կուսակցությունները։ Թուրքիայի հայ համայնքը բոլոր կուսակցությունների նկատմամբ հավասար հեռավորության վրա է։ Դուք գիտեք, որ յուրաքանչյուր կուսակցություն իր ցուցակում ունի հայ պատգամավորի թեկնածու, ինչն ապացուցում է, որ հայ համայնքը պահում է այդ հեռավորությունը, իսկ այդ կուսակցությունները ներգրավել են հայ թեկնածուների` հանուն կուսակցությունների ժողովրդավարական իմիջի։ Չեմ կարող հստակ ասել, որ այս կամ այն կուսակցությունը հայկական հարցերում կարող է օգտակար լինել»,- ասաց Արա Գոչունյանը։