Բաժիններ՝

«Այնպես չէ, որ Լոս Անջելեսում հայ մաֆիոզներ չկան»

Մի քանի օր է՝ երեկոյան ժամերից սկսած՝ մինչ լուսաբաց, Երևանի փողոցները վերածվել են գրեթե հոլիվուդյան նկարահանման հրապարակների: «Վրիժառուի օրագիրը-2» ֆիլմի նկարահանումներն իրապես մեծ հետաքրքրություն են առաջացրել հատկապես երևանցիների մոտ: Ֆիլմի հայ դերակատար Արման Նշանյանի հետ զրուցեցինք «Վրիժառուի օրագիրը» ֆիլմի միակ փակ ցուցադրությունից ընդամենը օր առաջ:

– Արման, միայն «Վրիժառուի օրագիրը-2» ֆիլմի նկարահանման համա՞ր եք գտնվում Երևանում:

– Առաջին հերթին՝ կարոտը: Բայց կարոտը միշտ կա, և ես շատ երջանիկ եմ, որ կարողացա գործս այնպես կազմակերպել, որ և՛ նկարահանվեմ, և՛ Երևան գամ: Հայաստանում նախագծեր էլի կան՝ ձայնագրման գործեր ունեմ, որոնք այս ընթացքում պետք է անեմ: Ինչպես նաև բազմասերիանոց ֆիլմում պետք է նկարահանվեմ` հայրիկիս և մայրիկիս հետ, մինչև սեպտեմբեր:

– Վաղը կայանում է «Վրիժառուի օրագիրը» ֆիլմի պրեմիերան: Իսկ Դուք արդեն երկրորդն եք նկարահանում: Ի՞նչ կապ կա նկարահանման և վաղը կայանալիք պրեմիերայի միջև:

Կարդացեք նաև

Ara Shanyan (1)

– Վաղը՝ հունիսի 6-ին, կայանալու է «Վրիժառուի օրագիրը» ֆիլմի պրեմիերայի փակ ցուցադրությունը: Իսկ մենք նկարահանում ենք «Վրիժառուի օրագիրը-2»-ը: Ֆիլմի պրեմիերան կայանալու է 2016-ին կամ 2017-ին: Ֆիլմերը կապված են այնքանով, որ նույն դերասանական և ռեժիսորական խմբերն են աշխատում, և երկրորդն առաջինի շարունակությունն է: Չնայած առաջինն ու երկրորդն ունեն իրենց սկիզբն և վերջը:

– Առաջին ֆիլմում Ձեր մարմնավորած հերոսը պետք է իտալացի լիներ: Ինչպե՞ս հայը դաձավ իտալացի:

– Չէ, ոչ թե իտալացի է, այլ էր: Այսինքն՝ դերը գրված էր՝ որպես իտալացի մաֆիոզի կերպար: Բայց այդ ընթացքում, երբ մենք նախապատրաստվում էինք, ես մտերմացա սցենարի հեղինակի հետ և առաջարկեցի, որ իմ կերպարը՝ Անդրեասը, հայ լինի, քանի որ այնպես չէ, որ Լոս Անջելեսում հայ մաֆիոզներ չկան: Դա նրանց ողջամիտ թվաց, և նրանք համաձայնեցին:

Ara Shanyan (2)

– Որտե՞ղ է նկարահանվել առաջին ֆիլմը, և սկզբնական տարբերակում որտե՞ղ պետք է նկարահանվեր երկրորդը: Ի՞նչ կտան այդ ֆիլմի նկարահանումները հայ կինոարտադրությանը:

– Առաջինը նկարահանվել է Լոս Անջելեսում, իսկ երկրորդն այս օրերին՝ Հայաստանում: Հետո նկարահանումներ կունենանք Լոնդոնում: Վերջում կրկին կվերադառնանք ԱՄՆ, որտեղ և տեղի կունենան վերջին նկարահանումները: Իսկ ձեր հաջորդ հարցին, թե ի՞նչ կտա այս ամենը հայկական կինոարտադրությանը, ասեմ՝ ոչինչ: Իսկ ահա ոլորտի որոշ աշխատակիցներին այս 10 օրերին տվեց աշխատանք: Ինչպես նաև՝ փորձ, քանի որ բավականին հետաքրքիր նկարահանումներ են տեղի ունեցել:

Ես մեծ ցանկություն ունեմ, որ այս մարդիկ, որոնց թվում են նաև մի քանի պրոդյուսերներ, հետագայում կրկին կգան Հայաստան և կնկարահանեն իրենց ֆիլմերը մեր երկրում. Արման Նշանյանի հե՞տ, թե՞ առանց նրա, դա արդեն կարևոր չէ: Ուզում եմ, որ սա իմ յուրօրինակ ներդրումը լինի մեր երկրին և իմ ոլորտի գործընկերներին:

Ara Shanyan (4)

– Ինչպե՞ս որոշվեց, որ այն պետք է նկարահանվեր Հայաստանում: Դա քո ճարտար խոսքի և համոզելու տաղանդի արդյո՞ւնքն է:

– Ուղղակի նրանք ինձ վստահեցին, երբ ես շատ լուրջ նրանց ասացի, որ փորձենք գնալ Հայաստան, նրանց ցույց տվեցի մեր երկրի նկարները: Դրանից հետո նրանք ինձ որոշ հարցեր ուղղեցին, որոշ ճշտումներ կատարեցին և ասացին. «Ինչո՞ւ՝ ոչ: Փորձենք»:

– Քանի՞ հոգանոց նկարահանման խումբ է ժամանել Հայաստան և որքա՞ն ժամանակով: Անգամ գրիմի մասնագետին եք Ձեզ հետ բերել: Չկա՞ր վստահություն հայ մասնագետների հանդեպ:

– Հայաստան է ժամանել 11 հոգանոց խումբ, որից 4-ը՝ պրոդյուսեր, ինչը շատ կարևոր է, քանի որ, եթե հետագայում նրանցից գոնե մեկը մի ֆիլմ բերի Հայաստան, դա հրաշալի կլինի: Ինչ վերաբերում է վստահությանը՝ ասեմ, որ եկան, տեսան, որ մեզ մոտ ամեն ինչ էլ կա, ուղղակի տեղը չգիտեին:

Ara Shanyan (5)

– Ֆիլմն առաջին անգամ ո՞ր երկրում է ցուցադրվել:

– Առաջին անգամ Երևանում է ֆիլմը ցուցադրվում՝ որպես փակ ցուցադրություն:

– Որքա՞ն է կազմել ֆիլմի բյուջեն:

– Դա պրոդյուսերի գաղտնիքն է՝ հատկապես այս փուլում:

– Փաստորեն, հայաստանյան պրեմիերան կազմակերպվել է միմիայն երկրորդ ֆիլմի նկարահանման համա՞ր: Ինչպե՞ս եկաք նման օրիգինալ որոշման:

– «Վրիժառուի օրագիրը-2» ֆիլմում կա մի դրվագ, որտեղ մեր ֆիլմի կերպարները հայտնվում են մի միջոցառման, պրեմիերայի: Եվ դա հենց «Վրիժառուի օրագիրը» ֆիլմի պրեմիերան է: Ահա այդ պատճառով մենք կազմակերպեցինք փակ ցուցադրություն:

– Ըստ Ձեզ՝ այսօր Հայաստանում ի՞նչ խնդիրների մասին պետք է բարձրաձայնի արվեստագետը: Տպավորություն է, թե ամեն ոք իր աշխարհում է ապրում:

– Ընդհանրապես մտավորականները՝ մարդիկ, ովքեր մտավոր աշխատանքով են զբաղվում, պետք է կտրված չլինեն հողից և ժողովրդից: Անկախ նրանից, թե ինչպես են նրանք ապրում, նրանք պետք է միշտ հիշեն ժողովրդի ցավի մասին: Եվ անպայման բարձրաձայնեն այն խնդիրների մասին, որոնք հուզում են մրադկանց: Այլ տարբերակ չկա:

– Իսկ հիմա ամենակարևոր հարցը՝ ինչի՞ մասին է ֆիլմը, և ո՞վ է Ձեր կերպարը:

– Իմ կերպարը՝ Անդրեասը, Լոս Անջելեսի հայ մաֆիոզ է: Բացասական կերպար է այնքանով, որ զբաղվում է մաֆիոզ գործերով, և որին հանգամանքները բերում են Հայաստան: Մնացածը պետք է դիտել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս