Թուրքիայի հայ համայնքը չպետք է հույսեր կապի ընտրություններին մասնակցող այս կամ այն կուսակցության հետ. Արա Գոչունյան

«Թուրքիայի հայ համայնքը հավասար հեռավորության վրա է ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Թուրքիայում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանն` անդրադառնալով կիրակի օրը Թուրքիայում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին:

Նա նշեց, որ կիրակի օրը կայանալու են Թուրքիայի պատմության ամենակարևոր ընտրությունները: Նրա փոխանցմամբ՝ բավականին լարված նախընտրական քարոզարշավից հետո Թուրքիայի ժողովուրդը պետք է մոտենա քվեատուփերին և իր կամքն արտահայտի 25–րդ գումարման թուրքական խորհրդարանի կազմը ձևավորելու համար:

Ա. Գոչունյանի համոզմամբ, մի քանի հանգամանքներ կան, որոնք այս անգամվա ընտրություններին առանձնահատուկ իմաստ են հաղորդում: «Դրանցից մեկն այն է, որ այս խորհրդարանական ընտրությունները հնարավորություն են ստեղծում 1980 թվականին ապրած զինվորական միջամտությունից հետո երկրում ընդունված 1982թ. սահմանադրության բեռը թոթափելու համար:

Թուրքիայում բավականին հասունացել է սահմանադրական փոփոխությունների պահանջը և այդ ֆոնի վրա խորհրդարանում ստեղծվելիք ուժերի հարաբերակցությունը պետք է պայմանավորի այդ սահմանադրական փոփոխությունների գործընթացի հեռանկարը: Թուրքիայում առաջին անգամ հանրապետության նախագահ օգոստոսին ընտրվեց ժողովրդական քվեարկությամբ և հիմա խորհրդարանն է ձևավորվում և սահմանադրական փոփոխություններին զուգահեռ քննարկվում է նաև երկրում նախագահական համակարգ հաստատելու հարցը:

Կարդացեք նաև

Խորհրդարանական ընտրություններով Թուրքիան պետք է եզրափակի այս վերջին մեկուկես, երկու, երեք տարվա ընտրությունների մարաթոնը: Նախ տեղական ինքնակառավարման մարմինների, հանրապետության նախագահի և ներկայում խորհրդարանական ընտրությունները և ըստ երևույթին նոր ուժերի վերադասավորում պետք է տեղի ունենա երկրում»,- մեկնաբանեց Արա Գոչունյանը` տեղեկացնելով, որ բոլոր հարցախույզների արդյունքները, բոլոր քաղաքական մեկնաբանները կանխատեսումներ են անում այն մասին, որ Թուրքիայում ընդդիմությունը կհզորանա, բայց բոլոր կանխատեսումներում պնդումներ կան, թե շատ հավանական չէ ներկայիս իշխող կուսակցության գահընկեց լինելը:

«Սրանք վերջնոկան տվյալներ չեն: Եթե ԺԴԿ-ն չկարողանա հաղթահարել 10%-անոց շեմն, ապա խորհրդարանում ուժերի համամասնությունը կպահպանվի»,- նկատեց Արա Գոչունյանը:

Ըստ նրա` այս կամ այն կուսակցության վրա հույս դնելու անհրաժեշտություն չունի հայ համայնքը: «Օրինակ` Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը Թուրքիայի հայ համայնքին ներկայացնում է այնքանով որքանով մյուս կուսակցություններն են ներկայացնում կամ չեն ներկայացնում նույնիսկ այնքան, որքան մյուս կուսակցությունները: Թուրքիայի հայ համայնքը բոլոր կուսակցությունների նկատմամբ հավասար հեռավորության վրա է:

Դուք գիտեք, որ յուրաքանչյուր կուսակցություն իր ցուցակում ունի հայ պատգամավորի թեկնածու, ինչն ապացուցում է, որ հայ համայնքը պահում է այդ հեռավորությունը, իսկ այդ կուսակցությունները ներգրավվել են հայ թեկնածուների հանուն կուսակցությունների ժողովրդավարական իմիջի: Չեմ կարող հստակ ասել, որ այս կամ այն կուսակցությունը հայկական հարցերում կարող է օգտակար լինել»,- ասաց Արա Գոչունյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս