Բաժիններ՝

«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները պարզաբանում են, թե ինչու է իրենց պահանջն ուղղված հենց Սերժ Սարգսյանին

«Ո՛չ թալանին» նախաձեռնության հետագա քայլերը մեծապես կախված կլինեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հայտարարությունից, ինչպես նաև ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ նախատեսվող քննարկումից: Այսoր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեցին «Ո՛չ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամներ Մաքսիմ Սարգսյանը, Լևոն Զաքարյանը և Արամ Մանուկյանը:

Նրանք նշեցին, որ նախորդ երթով մեկնարկ տրվեց պայքարին, իսկ հաջորդ երթը պահանջատիրական է լինելու. «Քանի որ նախորդից հետո մեր իշխանությունները չեն գիտակցում, թե մարդկանց ինչ քանակ էր դուրս եկել փողոց, և երևի թե չեն պատկերացնում, որ մարդիկ իրենց պահանջին տեր են, այս երթով մենք ցույց ենք տալու, որ մենք մեր պահանջի տերն ենք»:

Ա. Մանուկյանն ասաց, որ դա արդեն որոշված, թելադրված սակագին է, ուղղակի միջոցներ են ուզում ձեռնարկել, որպեսզի հանրությանն ավելի համոզիչ ներկայացնեն, որ ընդվզումներ չլինեն. «Իսկ հանրությունն արդեն վաղուց միամիտ չէ ու ամեն ինչ հասկանում է»:

Դիտարկմանը, թե հունիսի 19-ի բողոքի ակցիան ուշացած կլինի, քանի որ մինչ այդ են որոշում կայացնելու, Լ. Զաքարյանը պատասխանեց՝ մտահոգությունը տեղին է այնքանով, որ հայտարարությունը լինելու է մինչ դա, բայց իրենց տեղեկություններով՝ հանձնաժողովը վերջնական որոշում է կայացնելու հուլիսի 1-ին:

Կարդացեք նաև

«Մեր պահանջը դրված չէ ՀԾԿՀ-ի կամ դրա նախագահի առջև, այլ Սարգսյան Սերժի և Աբրահամյան Հովիկի առաջ»,- հայտարարեց Ա. Մանուկյանը:

Մ. Սարգսյանը պարզաբանեց, թե կոնկրետ ինչո՞ւ են վարչապետից ու նախագահից պահանջում դա. «Քանի որ նախադեպեր ունենք, որ տարբեր պայքարների ժամանակ նույն Սարգսյան Սերժն իր մի խոսքով լուծել է մի քանի ամիս տևած պայքարի վերջնակետը: Օրինակ, «Տարոն, սիրուն չի» արտահայտությունը դարձավ հիմք, որպեսզի Մաշտոցի պուրակում չբացվեն բուտիկներ, ինչը բավականին երկար ժամանակ քաղաքացիների նկատմամբ բռնություններով գնում էր»:

Հարցին՝ եթե հանձնաժողովը որոշի ու մի քանի դրամով թանկացնի էլեկտրաէներգիայի սակագինը, ի՞նչ եք անելու, Լ. Զաքարյանը պատասխանեց. «Այս պահին եկեք փակագծերը չբացենք, բայց հստակ պայքարը շարունակվելու է»:

Մ. Սարգսյանն էլ իր հերթին՝ ասաց, թե հաշվի առնելով, որ պայքարողները սովորական քաղաքացիներ են, նրանց այժմ հետաքրքրում է միայն էլեկտրաէներգիայի սակագնի չբարձրանալը, բայց դաշտն ազատ է, և ցանկացած մարդ, կուսակցություն, կազմակերպություն կարող է պայքարի իր ձևն ընտրել, նախաձեռնել իրավական մասով պատասխանատվության ենթարկելու գործընթաց, և այլն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս