«Եթե մի մարդ մի հատ ընկերոջ համար կյանք ա տալիս, չի կարա այդ մարդն այդ ընկերոջ կյանքը վերցնի». Թևոսիկի եղբոր սպանության գործով հարցաքննվեցին վկաները
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց քրեական աշխարհում հայտնի Թևոս Սաֆարյանի սպանության գործի քննությունը:
Դատարանում այսօր հարցաքննվեցին մի խումբ վկաներ: Նշենք, որ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Իսրայել Սարգսյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով՝ ապօրինաբար, դիտավորությամբ զրկել է կյանքից Մովսես Ներսիսյանին»: Բացի դա, Իսրայել Սարգսյանը մեղադրվում է այն բանի համար, որ ապօրինի ձեռք է բերել և կրել է հրազեն հանդիսացող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող` 3 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև ապօրինի ձեռք է բերել ու պահել է ռազմամթերք հանդիսացող` նպատակային օգտագործման համար պիտանի, գործարանային արտադրության էլեկտրական, թվով 4 հատ Ճայթիչներ և նետողական պայթուցիկ նյութերի շարքին դասվող` գործարանային արտադրության դեղնաշագանակագույն և շագանակագույն գլանաձև արկային վառոդի թվով 5 հատ հատիկներ:
Ծովինար Նազարյանը հայտնեց, որ ամբաստանյալին չի ճանաչում: Նա նշեց, որ 2014թ. հունվարին աղբավայրից սև գույնի հեռախոս է գտել, տարել է տուն, հարևանի երեխային խնդրել՝ փորձի, որպեսզի հասկանան՝ հեռախոսն աշխատո՞ւմ է, թե՞ ոչ: Վկան նշեց, որ երեխան հեռախոսի մեջ դրել է իր քարտը, զանգել ԼՂՀ-ում ծառայող իր եղբորը: Նրա խոսքով՝ քարտը դրանից հետո հանել են հեռախոսի միջից և այն դրել տանը: Մի քանի օր անց հարևանի երեխայի հեռախոսահամարին զանգահարել էին Ազգային անվանգության ծառայությունից և հայտնել, որ պետք է ներկայանան հեռախոսի հարցով, ինքն էլ գնացել է ԱԱԾ: «Բանից պարզվեց, որ այդ նույն հեռախոսը հետախուզման մեջ էր»,- ասաց վկան՝ նշելով, որ ինքը բացատրություն է տվել, թե ինչպես է գտել հեռախոսը, և հեռացել:
Դատախազը վկայից հետաքրքրվեց՝ արդյոք հեռախոսն ամբողջակա՞ն է եղել, երբ այն հայտնաբերել է, ինչին վկան բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ այն «առանց քարտի էր, ակումուլյատորի ու առանց հետևի կռիշկայի»:
Գործով մյուս վկան հայտնեց, որ ճանաչում է ամբաստանյալ Իսրայել Սարգսյանին: Նա նշեց, որ դեպքի օրը եղել է Արթուր Սաֆարյանի հետ, երեկոյան բաժանվել են, մինչև հասել է տուն, իմացել է, որ նման դեպք է տեղի ունեցել: Վկան նշեց, որ ճանաչել է նաև Տիգրան Ասատրյանին. նա այս գործով ևս ներգրավված էր՝ որպես մեղադրյալ, հետագայում նրա մասով գործն անջատվել էր: Վկան հայտնեց, որ դեպքից հետո հանդիպել է Տիգրան Ասատրյանին, ով խոսակցության ընթացքում հայտնել է, որ կապ չունի դեպքի հետ, որ Իսրայել Սարգսյանն իրեն խոստովանել է, որ «ինքն է արել»: Վկան ասաց նաև, որ ինքը լսել է Իսրայել Սարգսյանի և Տիգրան Ասատրյանի խոսակցության ձայնագրությունը, Տիգրան Ասատրյանն իրեն ասել է, որ ինքը ձայնագրել է խոսակցությունը, որպեսզի ապացուցի, որ մեղավոր չէ, որ Մովսես Ներսիսյանը սպանվել է հյուրանոցում, ապա դին նետվել է դիտահորը: Մեղադրողի հարցին, թե որտեղ է լսել խոսակցության ձայնագրությունը, վկան պատասխանեց՝ Տիգրան Ասատրյանի տանը:
Ամբաստանյալի պաշտպան Հեկտոր Սարդարյանի հարցին՝ արդյոք Տիգրանն իրեն ասե՞լ է, որ ձայնագրության ամբողջականությունը խախտված է, վկան պատասխանեց, որ հնարավոր է՝ ձայնագրությունը մոնտաժված է, սակայն ինքն ասում է այն, ինչ լսել է: Պաշտպանը հարցրեց նաև՝ եթե մոնտաժված է, արդյոք չի՞ հարցրել՝ ինչո՞ւ է մոնտաժել ձայնագրությունը, վկան պատասխանեց, որ ինքը չի գնացել Տիգրանին հարցաքննելու, գնացել է նրան լսելու: «Ես լսել եմ այն, ինչ Իսրայելը պատմում է Տիկոյին, Տիկոյի հետ խոսում են: Կարող է այնտեղ տեղ լինի, որ այդ բանը չլինի, ես լսած չլինեմ: Բայց Իսրայելը պարզ ասում է, որ ես եմ արել»,- ասաց վկան: Ամբաստանյալի պաշտպանն էլ հետաքրքրվեց՝ արդյոք հնարավոր համարո՞ւմ է, որ դա այլ նպատակով ասած լինի, վկան պատասխանեց, որ չի ուզում պատասխանել նման հարցերի:
Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը վկայից հետաքրքրվեց՝ արդյոք նա հիշո՞ւմ է որևէ դրվագ, որ իր ու Արթուր Սաֆարյանի միջև վիճաբանություն են ունեցել, «իրար հետ թեմա են ունեցել, իրարից «մանթո» են եղել», ինչին վկան բացասական պատասխան տվեց: «Դաժե եղել է, որ Արթուրը, խոսքի, ասենք, մի քանի տարի առաջ վտանգի մեջ է եղել, էս տղեն միշտ կողքն է եղել»,- ասաց Իսրայել Սարգսյանը՝ նշելով, որ կապացուցի, որ «ինքը չէ». «Ես ապացուցելու եմ, որ ես սրա մեջ չկամ»:
Նա նաև նշեց. «Եթե մարդիկ մտածում են, որ ինձ կարան բրթեն, ուրիշի տեղը ես գնամ, տենց չի լինելու: Ես ուրիշի տեղը գնացողը չեմ,- ապա շարունակեց,- Եթե մի մարդ մի հատ ընկերոջ համար կյանք ա տալիս, չի կարա այդ մարդը այդ ընկերոջ կյանքը վերցնի»: Վկան էլ հարցնում էր, թե ինչպես եղավ ձայնագրությունը, ինչին ի պատասխան՝ Իսրայել Սարգսյանն ասաց, որ ամեն ինչին պատասխան կա, կարող է ներկա լինել Տիգրան Ասատրյանի հարցաքննությանը և լսել ամեն ինչ: