
Հայաստանը չի կարող կամուրջ դառնալ ՌԴ-ի և Արևմուտքի միջև. Չեխիայի նախկին փոխվարչապետ Սվոբոդա

«Հայաստանը և որևէ այլ երկիր չի կարող կամուրջ լինել Արևմուտքի և Ռուսաստանի միջև»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Չեխիայի փոխվարչապետ (2002-2004թթ.), Արտաքին գործերի նախարար (2002-2006թթ), ներկայումս Պրահայի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր և Պրահայի առաջատար բուհերի դասախոս Կիրիլ Սվոբոդան` անդրադառնալով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Չեխիայի վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի բանակցություններին, որոնց ընթացքում Սոբոտկան հույս էր հայտնել, որ Հայաստանը դառնա կամուրջ ԵՏՄ-ի և ԵՄ անդամ երկրների, այդ թվում Չեխիայի, միջև:
Չեխ հեղինակավոր դիվանագետն ասաց, որ ստիպված է չհամաձայնել իր երկրի վարչապետի արտահայտած մոտեցումների հետ: «Ես չեմ հավատում, որ որևէ երկիր, այդ թվում՝ Հայաստանը, կարող է կամրջի դերակատարություն ստանձնել ԵՄ-ի և ԵՏՄ-ի, Ռուսաստանի և այլ երկրների միջև: Այդ խնդիրները կարգավորվում են ԵԱՀԿ Մինսկի խաղաղ գործընթացի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, ԵՄ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ, շրջանակում և դա լավագույն ձևաչափն է: Ես կարծում եմ, որ կամուրջների կարիք չկա նույնիսկ իմ երկրի պարագայում: Սա մի շրջանակ է, որտեղ այլ երկիր չպետք է մուտք գործի, իսկ քանի դեռ Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններն այսպիսին են, պետք է գործի Մինսկի խաղաղ գործընթացը»,- ասաց Կիրիլ Սվոբոդան: