«Սա ուղղակի հանցագործի հայտարարություն է». Ստեփան Սաֆարյանը՝ Ռոբերտ Նազարյանի հայտարարության մասին
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին՝ հայտարարեց, որ ուշադրություն պետք է հրավիրել ոչ միայն ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինի և ՀԷՑ-ի վրա, այլև բոլոր այն պատկան մարմինների, որոնք պետք է վերահսկեին ՀԷՑ-ի աշխատանքները:
«Մենք այսօր բոլորս մեր ուշադրությունը հրավիրել ենք Բիբինի և ՀէՑ-ի վրա, իսկ ո՞ւր են այն պաշտոնյաները, ովքեր պարտավոր էին հսկել դա, իսկ ո՞ւր է Վերահսկիչ պալատը, իսկ ո՞ւր է Էներգետիկայի նախարարությունը, իսկ ո՞ւր է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, չէ՞ որ դա նույնպես հանցավոր անգործություն է, և պետք է պարզել մոտիվները, թե ինչո՞ւ այս համակարգը տարիներ շարունակ հայտնվեց վերահսկողությունից դուրս, օրինականությունից դուրս, և նրա ներսում հնարավոր եղավ՝ տեղի ունենա այդ ամեն ինչը»,- հայտարարեց Ս. Սաֆարյանը, ըստ որի՝ հայաստանյան պատկան մարմինների պատասխանատվության հարցը նույնպես պետք է հստակ բարձրացվի:
Նա կարծում է՝ եթե Հայաստանի իշխանությունները մաս չկազմեին այս ամենին, կանխված կլիներ այս վիճակը տարիների ընթացքում. «Երեկ տեղեկատվություն կար, որ հանդիպման մասնակից աղբյուրը լրատվամիջոցներին փոխանցել էր, թե ինչ է խոսել ՀՀԿ-ի հանդիպումներին: Ռոբերտ Նազարյանն ասել է՝ «այդ շքեղությունները և ճոխությունները մի ներկայացրեք»: Այսինքն՝ «ոչինչ, արեք, բայց մեզ մի ներկայացրեք»: Սա ուղղակի հանցագործի հայտարարություն է, և, այո, Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչներ ուղղակիորեն ներգրավված են եղել դրանում: Ես միայն ուրախ կլինեմ, որ պարոն Բիբինը հայտարարի, թե ինչ է տեղի ունեցել իրականում, և ով՝ ինչ չափով է ունեցել իր մասնակցությունը»:
Հարցին՝ ի՞նչ տեխնոլոգիա է այն, որ հանձնաժողովին ՀԷՑ-ը ներկայացնում է 17 դրամի թանկացման սակագին, բայց հետո սկսում է շրջանառվել 7-7.5 դրամ, Ստ. Սաֆարյանն այսպես պատասխանեց. «Բիբինի կողմից պահանջ էր՝ առավելագույնը ստանալ: Ուստի կատարվածը ՀՀ իշխանությունների համար հասարակության հոգեբանական վիճակների վրա աշխատելուն ուղղված քայլ է: Սա հայտնի հնարք է, բայց նորություն չէ և կապ չի ունենալու ուսումնասիրությունների հետ և նրա հետ, թե Ռոբերտ Նազարյանի գլխավորած հանձնաժողովի հայտում որ գործոններն են հաշվի առել: Այն տպավորությունն է, որ կա որոշումը, բայց մի քիչ էլ ցույց են ուզում տալ Բիբինին, որ հասարակության ընդվզումն են հաշվի առնում: Իրականում սա թատրոն է»: