«Մենք Հայաստանի կառավարությունից տարբերվող կարծիք ունենք». ԱՄՀ ներկայացուցիչ. Azatutyun.am
Չնայած վարչապետ Հովիկ Աբրահամյանը համոզված է, որ կառավարությունը կկարողանա ապահովել այս տարվա բյուջեով նախատեսված 4.1 տոկոս տնտեսական աճը, ՀՀ-ում Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը այսօր կրկին հրապարակավ կասկած է հայտնել այդ առնչությամբ։ Ինչպես փոխանցում է Ազատությունը, Սանչեսն ասել է. «Մենք Հայաստանի կառավարությունից տարբերվող կարծիք ունենք և սա օրինաչափ է: Այժմ մենք գնահատում ենք, թե ինչ է այսօր կատարվում Հայաստանում՝ կապված ռուսաստանյան զարգացումների հետ: Մենք տեսնում ենք՝ եթե իրավիճակը Ռուսաստանում վատանում է, տուժում է նաև Հայաստանի տնտեսությունը: Առաջին անգամը չէ, որ մեր ու Հայաստանի կառավարության տեսակետները տարբերվում են: Կարծիքները չեն համընկնում նաև այլ երկրների կառավարությունների դեպքում: Սա նորմալ է: Մենք ունենք գնահատման մեր՝ անկախ չափանիշները: Մինչև այժմ մենք չենք տեսնում, որ Հայաստանում տնտեսության նման բարձր աճ է տեղի ունենում»:
ԱՄՆ ներկայացուցիչը միևնույն ժամանակ տեղեկացրել է, որ հիմնադրամը բարելավել է Հայաստանի այս տարվա տնտեսությանը վերաբերող գնահատականը․ եթե ապրիլին ԱՄՀ-ն կանխատեսել էր, որ 2015-ը Հայաստանը կփակի 1 տոկոս անկումով, ապա ԱՄՀ-ի ներկայացուցիչը նշել է՝ երկիրը տարին կամփոփի 0 տոկոս աճով՝ անմիջապես հավելելով, որ Հայաստանը դեռևս գտնվում է «տնտեսական շոկի մեջտեղում, և առջևում դեռ հսկայական անորոշություն է»:
Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարը՝ Սիվիլնեթի