Սդղի գյոլում տեղի ունեցած միջադեպի առիթով հարցաքննվել է նաև Սուրիկ Խաչատրյանը
Մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում ստացվել են նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ըստ եզրակացության՝ Հարություն Զաքարյանին պատճառված վնասը գնահատվել է ծանր, Մուշեղ Զաքարյանինը՝ միջին ծանրության:
Սոնա Տռուզյանը հայտնեց նաև, որ այ գործով ձեռնարկվում են քննչական և դատավարական բազմաթիվ գործողություններ, հարցաքննվում են տարբեր անձինք: Նրանց թվում հարցաքննվել է նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Նշենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության՝ «դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության աշխատակիցները զեկուցագրեր են ներկայացրել, որ 2015 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հ.Զաքարյանը Գորիս քաղաքի կենտրոնական մասում վիճաբանել է Տ. Խաչատրյանի հետ, որից հետո գնացել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածք, որտեղ նրանց են միացել նաեւ այլ անձինք։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հ.Զաքարյանին աչքի շրջանում պատճառվել է մարմնական վնասվածք»: Տ. Խաչատրյանը ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին է: