«Խոստումներ շռայլ չեմ տալիս, ես չեմ եկել ինչ-որ ոսկե սարեր կառուցելու, առավել ևս Աբովյանն ինչ-որ մեկից փրկելու». Վահագն Գևորգյան

168.am-ի զրուցակիցն է Աբովյան քաղաքի քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանը:

– Արդեն շատ քիչ օրեր են մնացել մինչև Աբովյան քաղաքի քաղաքապետի ընտրությունները, ի՞նչ ակնկալիքներ ունեք: Ըստ ձեզ՝ ինչքանո՞վ է հավանական, որ հենց Դուք կընտրվեք:

– Ես համոզված եմ, որ առաջիկայում հաղթելու ենք մենք, իմ թիմը՝ մեր բազմահազար համակիրներով:

– Ո՞րն է Ձեր այդ վստահության պատճառը:

Կարդացեք նաև

– Որովհետև ունեմ լավ մեծ թիմ և բազմահազար համակիրների բանակ, փորձում ենք մեր ծրագիրը, մեր տեսլականը ներկայացնել մեր համաքաղաքացիներին՝ Աբովյան քաղաքի զարգացման հետ կապված, համոզված եմ, որ դա իրատեսական է: Խոստումներ շռայլ չեմ տալիս, ասում եմ, որ ես չեմ եկել ինչ-որ ոսկե սարեր կառուցելու, առավել ևս Աբովյանն ինչ-որ մեկից փրկելու, «Աբովյանը՝ աբովյանցուն» կոչերով հանդես չեմ գալիս, որովհետև Աբովյանում բնակվում են տարբեր բնակավայրերից եկած մարդիկ, որոնց համար Աբովյանը դարձել է հարազատ տուն: (Հիշեցնենք, որ «Աբովյանը՝ աբովյանցիներին» լոզունգն օգտագործում է առաջադրված թեկնածուներից՝ Արթուր Հարությունյանը՝ Պալաչը-Ա. Ք.)

– Թեև Դուք կուսակցական չեք, բայց Ձեզ սատարում են Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները: Ինչպես՞ է ստացվել, որ հենց Ձեզ են սատարում այդ երկու կուսակցությունները:

– Առաջադրվելու որոշումը եղել է իմը, երբ ես պետք է առաջադրվեի, ես որևիցե քաղաքական ուժի հետ պայմանավորվածություն չունեի, և այն, որ ինձ սատարելու պատրաստակամությամբ են հանդես եկել Հանրապետականը և «Բարգավաճ Հայաստանը», ես շնորհակալ եմ, ինչն ինձ ավելի պարտավորեցնում է հետագայում լավ աշխատելու համար:

– Բայց արդեն իսկ այն հանգամանքը, որ Ձեզ այդ երկու կուսակցություններն են սատարում, շատ մտահոգությունների տեղիք է տալիս: Օրինակ, որ ընտրություններն արդար չեն անցկացվի, որ Դուք արդեն ընտրված եք՝ որպես քաղաքապետ:

– Ես դեմ եմ այն մոտեցմանը, որ ասում են՝ ամեն ինչ որոշված է, և Վահագն Գևորգյանը դառնալու է քաղաքապետ, ես համոզված եմ, որ վաղը մեր քաղաքային իշխանություններին և քաղաքապետին պետք է ընտրի հենց աբովյանցին՝ իր վստահության քվեով: Ի տարբերություն նախորդ ընտրությունների, որոնց ժամանակ առաջադրված է եղել մեկ թեկնածու, փառք Աստծո, հիմա կան առաջադրված 5 թեկնածուներ, և հորդորում եմ մեր աբովյանցիներին՝ ծանոթանալ բոլորի կենսագրությանը և ծրագրերին, և անկախ նրանից՝ ով որ թեկնածուին կհամակրի, որ թեկնածուի ծրագիրն ավելի իրատեսական, հավատ կներշնչի, թող ակտիվորեն մասնակցեն ընտրություններին և իրենց վստահության քվեով ընտրեն իրենց քաղաքապետին:

– Մեզ հետ զրույցում բազմաթիվ աբովյանցիներ մտահոգություն էին հայտնում, որ ընտրություններն արդար չեն անցկացվելու, ինչպես նախորդ տարիներին է եղել: Ի՞նչ եք անելու Դուք, որ ապահովեք արդար ընտրություններ:

– Ինձ պետք չեն անարդար ընտրություններ, և ես ամեն ինչ անելու եմ, որ ընտրություններն անցնեն առանց կեղծիքների: Հորդորում եմ նաև մյուս թեկնածուներին, նաև իրավապահ մարմիններին, որպեսզի այդ օրը հետևողական լինեն և իրենց աշխատանքը ճիշտ կատարեն:

– Մյուս թեկնածուներից ո՞ւմ եք Ձեզ մրցակից համարում:

– Ես արդեն ասել էի, որ ես որևէ անձի ինձ մրցակից չունեմ, իմ մրցակիցն Աբովյանի խնդիրներն է, որոնք ես ի զորու եմ լուծել:

– Այսինքն՝ մյուս թեկնածուներին մրցակից չե՞ք համարում:

– Մի քանիսին ճանաչում եմ, նախկինում նաև ունեցել եմ մտերիմ հարաբերություններ, իսկ եթե պարզ խոսենք, բոլորն էլ մրցակից են, և հատուկ չէի ուզենա ինչ-որ մեկին առանձնացնել:

– Եթե Դուք քաղաքապետ չընտրվեք, ըստ Ձեզ՝ առաջադրվածներից ո՞րն է ամենալավ թեկնածուն:

– Ես համոզված եմ, որ ես եմ ընտրվելու: Եվ այդ հարցն ընդհանրապես չէի էլ քննարկել:

– Շա՞տ է տարբերվելու Ձեր գործելաոճը նախորդ քաղաքապետի՝ Կարապետ Գուլոյանի գործելաոճից:

– Իմ սկզբունքների մեջ չի մտնում քննադատել նախորդներին կամ խոսել արած-չարածների մասին: Ես ունեմ հարուստ աշխատանքային կենսագրություն, որից 18 տարին աշխատել եմ խորհրդարանում և աշխատել եմ տարբեր քաղաքական ուժերի հետ: Ես ունեմ իմ ուրույն ձեռագիրը, իմ մոտեցումները, հավատացած եղեք, որ հենց առաջին օրվանից քաղաքում կձևավորվի կամ կներդրվի նոր աշխատանքի մշակույթ, նոր մոտեցում:

– Աբովյանցիները նաև նշում էին, որ նախորդ քաղաքապետից դժգոհ էին նաև նրա համար, որ քաղաքապետը բնակչության հետ չէր շփվում, ժողովրդավարական մոտեցում չուներ: Եթե Դուք լինեք քաղաքապետ, ապահովելո՞ւ եք մարդկանց հետ շփումը՝ հասկանալու համար՝ ինչ խնդիրներ նրանք ունեն:

– Ես խոստումների մեջ շռայլ չեմ, բայց մի բան բոլոր բակային հանդիպումների ժամանակ խոստանում եմ մեր ազգաբնակչությանը, որ որպես այդպիսին՝ հատուկ ընդունելության օր չեմ անելու, այսինքն՝ հնարավորինս ամեն օր անելու եմ ընդունելության համար որոշակի ժամ ու դրանով ես մեր քաղաքացիներին չեմ խոստանում, որ, ա՛յ, կլսեմ, ձեր բոլոր հարցերին կտամ դրական պատասխան, որովհետև կստեմ, եթե նման բան ասեմ, բայց գոնե ես համոզված եմ, որ այն քաղաքային իշխանությունները, այն քաղաքապետը կարող է լավ աշխատել, որն իրազեկ է իր համայնքի խնդիրներից. նեղ անձնականից սկսած՝ շենքի բակի և համայնքի գլոբալ խնդիրներով վերջացրած:

 

Տեսանյութեր

Լրահոս