Սևան քաղաքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցին օծվեց
Մայիսի 31-ին` առավոտյան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Գեղարքունյաց թեմ: Սևան քաղաքում, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, տեղի ունեցավ նորակառույց Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը:
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու շինարարությունն սկսվել էր 2009 թվականին: Այն կառուցվել է ֆրանսիաբնակ ազգային բարերար Սարգիս Պետոյանի բարերարությամբ` ի հիշատակ նրա ծնողների` Ավետիս և Թագուհի Պետոյանների: Եկեղեցու նախագծի հեղինակն է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը:
Նորակառույց եկեղեցու առջև Ամենայն Հայոց Հայրապետին և ՀՀ նախագահին դիմավորեցին քաղաքի բնակիչները` գլխավորությամբ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ու Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի:
Աղ ու հացի ավանդական արարողությունից հետո, «Հրաշափառ» շարականի երգեցողության ներքո, Նորին Սրբությունը, իր հայրապետական օրհնությունը բաշխելով ներկաներին, եկեղեցականաց թափորով մուտք գործեց նորակառույց եկեղեցի, ուր սկսվեց եկեղեցու օծման կարգը:
Շարականների և սաղմոսների երգեցողությունից, աղոթքների ընթերցումից հետո խորան բարձրացվեց Սրբալույս Մյուռոնը, որով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց եկեղեցու Ս. Սեղանի օծումը, իսկ Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանն օծեցին խորանի սյուները, մկրտության ավազանը և եկեղեցու շուրթը:
Ի պատիվ Սրբոց Հրեշտակապետաց` Ամենայն Հայոց Հայրապետը նորակառույց եկեղեցին կոչեց Սրբոց Հրեշտակապետաց անունով, ապա «Պահպանիչ» աղոթքով օրհնեց Պետոյան ամուսիններին ու բոլոր ներկաներին:
Այնուհետև Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու բացման առիթով իր հայրական պատգամը փոխանցեց ներկաներին:
Սևան քաղաքի նորակառույց եկեղեցու օծման առիթով շնորհավորելով ամենքին` Հայոց Հայրապետը գոհունակությամբ փաստեց, որ ամեն մի նոր եկեղեցու օծում` իբրև հոգևոր արթնության նշան, ուրախությամբ և մեծ հույսով է լցնում հավատավոր հայորդիների հոգիները:
«…Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ առաջնորդում է հայ ժողովրդին առ Աստված տանող փրկության ճանապարհով: Հայ Եկեղեցին հոգեփրկչական իր առաքելությանը զուգընթաց կերտում ու պահպանում է նաև մեր ժողովրդի ինքնությունը, սերն ու նվիրումը ազգին ու հայրենիքին: Հոգեփրկչություն և ազգապահպանություն. սրանք են հիմնասյուները մեր Եկեղեցու առաքելության, որն այսուհետև ձեր կյանքում պիտի շարունակվի նաև այս եկեղեցու միջոցով: Շուրջ 25 տարի առաջ Սևանա թերակղզում հիմնադրվեց Վազգենյան հոգևոր դպրանոցը և կանոնավոր կերպով սկսվեցին ժամերգություններ կատարվել և սուրբ ու անմահ պատարագներ մատուցվել:
Քաջատեղյակ ենք, որ անցնող տարիներին Սևան քաղաքի հավատավոր մեր հայորդիք իրենց աղոթքն են վերառաքել և աստվածպաշտական արարողություններին մասնակցել Սևանա թերակղզու Սուրբ Առաքելոց վանքում: Վստահ ենք, որ Սևան քաղաքի նորաօծ Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցին պիտի առավել դյուրին դարձնի հավատավոր մեր ժողովրդի հոգևոր կյանքի կազմակերպումն ու համախմբումը Եկեղեցու շուրջ` արթուն պահելով հույսն ու հավատքը ձեր սրտերում, հավատարմությունըª մեր հայրենյաց արժեքներին:
Վստահ ենք, որ եկեղեցին միշտ լեցուն պիտի լինի հավատացյալներով: Այստեղ երկինքն ու երկիրն են միավորվում, և երկնային զինվորությունները օրհնաբանում են Աստծուն երկրային զինվորության հետ, որ դուք եք` առ Քրիստոս մեր Տերը ձեր անխախտ հավատքով»,- ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` մաղթելով, որ Սուրբ Հրեշտակապետերը մշտապես խաղաղության ավետիս ու բարի լուր բերեն Սևան քաղաքի բնակիչներին ու աստվածասեր հայ ժողովրդին, բարեխոս լինեն Ամենազոր Տիրոջ առջև Տերունահաստատ Հայոց Եկեղեցու և օրհնյալ Հայրենիքի համար:
Ուրախալի այս առիթով Նորին Սրբությունը եկեղեցու բարերար Սարգիս Պետոյանին շնորհեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան, իսկ Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու կառուցման գործում մեծ ավանդ բերած Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանին հանձնեց «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան:
Խոսքի ավարտին Նորին Սրբությունն իր օրհնության ու գնահատանքի խոսքն ուղղեց նաև Գեղարքունիքի թեմի նախկին առաջնորդ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովահննիսյանին, թեմի հոգևոր սպասավորներին և աղոթեց, որ Տերը բազմապատկի իրենց ջանքերը` ի շահ մեր Սուրբ Եկեղեցու պայծառության և հավատավոր հայորդիների հոգևոր արթնության:
Հայոց Հայրապետը նաև իր գնահատանքը հղեց եկեղեցու ճարտարապետ Արտակ Ղուլյանին` նշելով, որ վերջինս իր մասնագիտական բարձր կարողություններով յուրօրինակ նոր շունչ ու ոգի է հաղորդում ավանդական հայ ճարտարապետությանը£ Ապա Նորին Սրբությունը նորակառույց եկեղեցուն նվիրեց սրբանկար:
Այնուհետև այս առիթով եկեղեցու առջև տեղի ունեցավ ժողովրդական տոնախմբություն, որի ընթացքում իրենց սրտի խոսքով հանդես եկան Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը և Սրբոց Հրեշտկապետաց եկեղեցու բարերար տիար Սարգիս Պետոյանը` կարևորելով նորաօծ եկեղեցու առաքելությունը Սևան քաղաքի կյանքում: Եկեղեցու բարերարն իր հերթին, պարգևաբաշխության կապակցությամբ խորին երախտագիտություն հայտնելով Նորին Սրբությանը, անդրադարձավ այն վիթխարի դերակատարությանը, որ Հայ Եկեղեցին դեռևս իր պատանեկական տարիներից ունեցել է իր հոգևոր նկարագրի ու անձի կերտման գործում, ինչի շնորհիվ իրականացվում է վերջինիս ազգօգուտ և եկեղեցաշեն գործունեությունը:
Եկեղեցու օծման արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, եկեղեցու օծման առիթով Ֆրանսիայից ժամանած Պետոյան ընտանիքի անդամներ և բարեկամներ, Սևանի Վազգենյան հոգևեր դպրանոցի սաներ, Սևան քաղաքի բնակիչներ և բազում ուխտավոր հայորդիներ: