Գարի. բուժիչ հատկությունները
Ըստ հնէաբանական հետազոտությունների` գարին մեր նախնիներին հայտնի է եղել դեռեւս քարե դարում: Գարու հայրենիքը տաք երկրներն են, Միջերկրական ծովի ափերը եւ Արեւելյան Ասիան:
Գարու հատիկի արժեքավոր մասը վերնամասն է, որի կազմի մեջ են մտնում մեծ քանակությամբ սպիտակուցներ, որոնք պարունակում են անփոխարինելի ամինաթթուներ, ճարպեր, ածխաջրեր, թաղանթանյութ: Հատիկի մեջ պարունակվում են նաեւ օրգանական թթուներ, պեկտիններ, վիտամիններ` B1, B2, D, E, PP, ցինկ, ֆտոր, քրոմ, յոդ, կայծքար, պղինձ, մանգան, կոբալտ, մոլիբդեն, սելեն, անագ, կալիում, կալցիում: Գարու հատիկից գարեձավար են ստանում: Ֆերմենտային մշակումից հետո գարուց շաքար եւ խաղողաշաքար են ստանում: Գարու հյութը բարերար ազդեցություն ունի լեղուղիների վրա: Հնում գարու հյութով բուժում էին թոքերի տուբերկուլյոզը: Ոչ ավանդական բժշկությունը գարեհատիկն արդյունավետ է համարում ստամոքսի, շնչառական օրգանների, մաշկային հիվանդությունների բուժման գործում: Ավիցենան բազմիցս անդրադարձել է գարու առողջարար հատկություններին: Ներկայացնենք նրա կողմից առաջարկված մի քանի խորհուրդներ գարու օգտագործմամբ.
- Թաց էկզեմայի ժամանակ գարին խաշել թունդ քացախի մեջ եւ որպես բուժիչ փաթաթան դնել վերքերի վրա:
- Խալերը գունազրկելու համար օգտագործում են գարու տաք օծանելիք.
- Հոդատապի ժամանակ գարուց պատրաստում են դեղորայքային փաթաթան` սերկեւիլով եւ քացախով:
- Կողքի ցավերի ժամանակ գարու ալյուրից, իշառվույտից եւ կակաչի հյութից պատրաստում են դեղորայքային փաթաթաններ:
Հայ բնագետ եւ բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին այսպես է գրել գարու մասին. «Եթե գլուխը լվանալ գարեջրով, ապա վերականգնվում է հիշողությունը եւ մազերի աճը կանոնավորվում է: Իսկ եթե գարին այրել, խառնել աղի հետ եւ սրբել ատամները, ապա ատամները կսպիտակեն եւ կփայլեն: Գարու ջուրը փափկեցնում է կրծքավանդակը եւ օգնում է հազի ժամանակ: Իսկ եթե գարին թրջել, գիշերը թողնել, իսկ առավոտյան ուտել, ապա կօգնի տենդի բոլոր ձեւերի ժամանակ, ինչպես նաեւ այն հագեցնում է ծարավը»:
Ձայնի կորստի ժամանակ 1 ճաշի գդալ գարու հատիկները թրջել եռման ջրով, թողնել 30-40 րոպե, ապա ողողել կոկորդը օրական մի քանի անգամ: Զգալի թեթեւացում կզգացվի: Կարելի է նույն թուրմով նաեւ փաթաթան դնել կոկորդի հատվածում: