«Քաղաքացիական լրատվությունն անաչառ լրատվության ամենալուրջ գործիքներից մեկն է»
«168 Ժամի» զրուցակիցն է ռուսական «Դոժդ» ինտերնետային հեռուստաալիքի հեռարձակման բաժնի ղեկավար Ելենա Կիրյուշինան։
– Բոլորս շարունակում ենք ուշադրությամբ հետևել ուկրաինական ճգնաժամին ռուսական և ուկրաինական մամուլի միջոցով` հնարավորություն չունենալով ինքներս Ուկրաինայում լինելու և իրավիճակը լուսաբանելու համար։ Ըստ էության, ուկրաինական պատերազմը բացահայտեց մի շարք լուրջ, արատավոր երևույթներ, որոնք առկա են թե՛ ռուսական, թե՛ ուկրաինական հասարակությունում, այդ թվում` մեդիա դաշտերում։ Ռուսական մամուլում մեծամասնությամբ գտնում ենք քարոզչություն և միջամտության ենթարկված տեղեկատվություն, իսկ անաչառ լրատվության համար ստիպված ենք լինում բաժանորդագրվել «Դոժդին» կամ հետևել միայն ուկրաինական մի քանի ԶԼՄ-ներին։ Ի՞նչն է ռուսական ԶԼՄ-ների գլխավոր խնդիրը, և ինչպե՞ս կարելի է պայքարել դրա դեմ։
– Ուկրաինական ճգնաժամի ժամանակ և հատկապես վերջերս ես մեր մեդիա դաշտում տեսնում եմ մեկ գլխավոր խնդիր` պրոպագանդա։ Սակայն ինձ թվում է, որ այս խնդրի վրա կենտրոնանալ պետք չէ, մենք Ռուսաստանում բավարար չափով անկախ ԶԼՄ-ներ ունենք, որոնք հրապարակում են օբյեկտիվ տեղեկատվություն, օբյեկտիվ կարծիքներ, յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում իր իրական ապագան, այն դիրքորոշումը, որն իրեն մոտ է և հարազատ։ Մեզ մոտ է ոչ թե դիրքորոշումը, այլ լրատվության անաչառ մատուցումը, և մենք միակ ԶԼՄ-ն էինք Ուկրաինայում, որին մոտ էին թողնում, այսինքն` լուսաբանելու հնարավորություն էին տալիս հակամարտության բոլոր կողմերը` ռուսական, ուկրաինական, արևմտյան և այլն։
Այս ողջ ընթացքում, երբ մենք աշխատել ենք Ուկրաինայում, արժանացել ենք հակամարտության բոլոր կողմերի քննադատություններին, բողոքներին, մեղադրանքներին, որ մենք մյուս կողմից ենք, աշխատում ենք մյուսի օգտին։ Սա, կարծում եմ, այն բանի ցուցիչն է, որ մենք մասնագիտական բարձր կամ գոնե բավարար որակներ ենք ցուցաբերել։ Բոլոր կողմերը քեզ ընկալում են` որպես թշնամի, բայց իրականում դու փորձում ես լինել հակամարտության գոտում, լուսաբանել անաչառ, ցույց տալով օբյեկտիվ կերպով, թե ինչ է կատարվում։ Ես կարծում եմ, որ մեր թղթակցին, ով լուսաբանում է ուկրաինական պատերազմը` Տիմուր Օլևսկուն, հաջողվում էր դա անել, և նրան հակամարտության բոլոր կողմերը հավատարմագրում և ընդունում էին, քանի որ նա պարզապես լուսաբանում էր և ոչ պրոպագանդում այս կամ այն կողմին Ուկրաինայում։ Կարծում եմ, որ սա է մեր ձեռքբերումը, մենք կարողացել ենք դրան հասնել Ռուսաստանում։
Բայց, ես կրկնում եմ, չպետք է կենտրոնանք պրոպագանդայի վրա, դա մեդիայում լուրջ խնդիր համարենք, քանի որ վստահ եմ, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ զարգանալու է, այդ թվում` քաղաքացիական լրագրության շնորհիվ, որն այսօր անաչառ լրատվության ամենալուրջ գործիքներից մեկն է, և մեզ մոտ` Ռուսաստանում, այդ գործիքն ավելի ու ավելի է վերջերս կատարելագործվում, տեսանելի են դառնում ազատության ծիլերը։
– Ազատության ծիլերը շուրջ երկու տասնամյակ տեսանելի են հետսովետական բոլոր երկրներում, որտեղ, ըստ էության, գործում է արժեքային նույն համակարգը, ինչ Ռուսաստանում, ԶԼՄ-ներն անաչառ չեն, գտնվում են ճնշումների տակ, չեն կարողանում դրանք հաղթահարել։ Ըստ Ձեզ` որտե՞ղ է լրատվամիջոցների անկախ գործունեության բանալին։ Դուք, որպես «Դոժդի» ներկայացուցիչ, որը լայնամասշտաբ ճնշումներ է հաղթահարել Ռուսաստանում, լավագույնս կարող եք մեկնաբանել այդ ճնշումների հաղթահարման ուղիները։
– Այո, մենք ենթարկվել ենք լուրջ ճնշումների, և դրանք հիմնականում ֆինանսական բնույթի էին։ Մեր փորձով մենք համոզվեցինք, որ ԶԼՄ-ների անկախության, ազատության բանալին տնտեսական, ֆինանսական անկախությունն է, քանի որ, երբ դու ունես ֆինանսական խնդիրներ, դրանք քո դեմ են օգտագործվում քո բոլոր գործընկերների` գովազդատուների, բաժնետերերի կողմից։ Օրինակ` մեկ օրում բոլոր գովազդատուները հանում են իրենց գովազդները` լուրջ ֆինանսական վնասներ պատճառելով, դա ստիպում է մեզ որոշ ժամանակ աշխատավարձ պակասեցնել, աշխատակազմ կրճատել, դա նախկինում էր, իհարկե, բայց քաղաքականություն կերտողները գովազդատուների միջոցով լուրջ ճնշումների էին դիմում։
Մենք դա զգացել ենք, մեզ փորձել են ոչնչացնել, կտրել գոյատևման բոլոր ֆինանսական հնարավորությունները, և մեր բախտը բերեց` մենք հայտնվեցինք այն պահին, երբ Ռուսաստանը, ռուս հասարակությունը պատրաստ էր ԶԼՄ վճարովի մոդելի անցնելուն, մեր ընթերցողը պատրաստ է բաժանորդագրվել, ստանալ մեր ծառայությունը` վճարելով, այլապես մենք պարզապես չենք կարողանա մատուցել այդ ծառայությունն ընդհանրապես։
Սա է «Դոժդի» գոյատևման բանալին, մենք մատուցում ենք տեղեկատվություն, օբյեկտիվ կարծիքներ մեր ընթերցողին` վճարի դիմաց, կվճարեն` կլինի բովանդակություն, չեն վճարի` չի լինի, այլ կերպ մենք չենք կարող, քանի որ մենք Ռուսաստանում փորձում ենք ներկայացնել այն կարծիքը, որն այլ ԶԼՄ-ները քիչ են ներկայացնում կամ ընդհանրապես չեն ներկայացնում։
Եթե այս ամենը մեզ հետ պատահեր մի փոքր ավելի վաղ, վախենամ, դա մեզ համար ողբերգական և ջախջախիչ կդառնար, դժվար է պատկերացնել հետևանքները։ Սակայն, բարեբախտաբար, մենք մեր հասարակության հետ զարգանում ենք, ժամանակի ընթացքում մարդիկ պատրաստ են վճարել բովանդակության համար։ Բնականաբար, կան շատերը, որոնք ինչ-որ վարպետությամբ կարողանում են մեր բովանդակությունը ժամանակ առ ժամանակ դարձնել հասանելի, բայց դա չի խոչընդոտում մեր բնականոն աշխատանքին, նման մարդկանց թիվն էլ ժամանակի ընթացքում պակասում է, քանի որ այդ ջանքերն իզուր են անցնում։
Բարեբախտաբար, մենք կարողացանք ԶԼՄ զարգացնել վճարովի մոդելի շնորհիվ, այդ մոդելը ներդնելու ընթացքում թանկացումներ և մի շարք փոփոխություններ տեղի ունեցան, որոնք էապես չկրճատեցին մեր ընթերցողների քանակը, քանի որ ՌԴ-ում կա մեր մատուցած ծառայության լուրջ կարիքը։ Ուստի, եզրափակելով ասեմ, որ բանալին ֆինանսական անկախությունն է, ու մենք գտանք մեր անկախության բանալին։
– Հայաստանյան լրատվադաշտը, մի փոքր տարբերություններով, նման է ռուսականին, հատկապես, որ մենք այսուհետ նույն նավակում ենք` Եվրասիական տնտեսական միությունում, որտեղ, բոլորիս հայտնի է, թե ինչ արժեքներ են գործում։ Ի՞նչ խորհուրդ կտաք այս պայմաններում աշխատող Ձեր հայ գործընկերներին։
– Ես հայկական լրատվական հոսքին, անկեղծ ասեմ, չեմ կարողանում հետևել։ Ամեն դեպքում` ես լրագրող չեմ, այլ մենեջեր, ես չեմ կարող հասցնել այդ ամենն անել, նաև այլ ԶԼՄ-ների բովանդակությանը հետևել։ Մոտավորապես ծանոթ եմ ԶԼՄ-ների աշխատանքին և խնդիրներին, պարզապես խորհուրդ եմ տալիս չվախենալ։ Իմ համոզմամբ` ցանկացած, նույնիսկ` ամենաբացասական իրավիճակից կա դրական ելք և մի քանի ելքեր։ Մեր օրինակը դա ցույց տվեց։ Հույս ունեմ, որ Ձեր լսարանը ևս մի օր պատրաստ կլինի վճարովի բովանդակության։ Հայաստանում գտնվածս օրերին հասկացա, որ մարդիկ ընդհանրապես չեն վճարում տեղեկատվության համար, ֆիլմեր չկան, չկա այդ մշակույթը։ Բայց չէ՞ որ մեզ մոտ ևս չորս-հինգ տարի առաջ չկար այդ մշակույթը, և մենք, կարիքից ելնելով, ստիպված եղանք ներդնել այդ մշակույթը Ռուսաստանում և զարգացնել։ Ուստի կասեմ` չվախենալ և առաջ գնալ։
– Ժամանակակից կյանքը ԶԼՄ-ներին նոր որակ, նոր տեմպ է թելադրում։ Ըստ Ձեզ` ի՞նչ խնդիր պետք է դնի իր առջև ժամանակակից լրատվամիջոցը։ Ո՞րն է ամենակարևորը։
– Իմ կարծիքով` ԶԼՄ-ները խնդիրներ չպետք է դնեն և դրանք լուծեն։ ԶԼՄ-ները պետք է լուսաբանեն խնդիրները, սա առանցքային մոտեցում է։ Այն ամենից, ինչ տեղի է ունենում Ռուսաստանում, եզրակացնում եմ, որ ամենակարևորն օբյեկտիվ լինելն է և լուծել պրոպագանդայի հիմարագույն խնդիրը։ Չպետք է մոռանալ սոցիալական պատասխանատվության մասին, իրականացնել սոցիալական ծրագրեր, խոսել բարեգործության և սահմանափակ հնարավորություն ունեցող մարդկանց մասին։ Այս մասին չպետք է մոռանալ, քանի որ այսօր մենք մեզնից ներկայացնում ենք չորրորդ իշխանություն և մենք կարող ենք շատ բան փոխել։ Իսկ հասարակության մեջ առկա խնդիրների մասին պետք է բարձրաձայնել, և դրանց կարգավորման ուղիները դնել քննարկման և շրջանառության մեջ, իսկ դրանք կլուծվեն այն մարդկանց կողմից, ովքեր պատասխանատու են այդ խնդիրների համար։