Պուտինը պարգևատրել է Փաշազադեին
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին պարգևատրել է Պատվո հավաստագրով:
Այն Փաշազադեին այսօր հանձնել է Ադրբեջանում Ռուսաաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը: Նա ընդգծել է, որ Փաշազադեն նման պատվի արժանացել է միջդավանական երկխոսության հաստատման ու սոցիալ-մշակութային հարաբերությունների զարգացման հարցերում ունեցած ներդրման համար:
Պարգևատրման արարողակարգի ժամանակ ընդգծվել է, որ Փաշազադեն նախկինում նույնպես արժանացել է ռուսական մի շարք պարգևների: Պարգևատրման արարողակարգին ներկա է գտնվել նաև Ադրբեջանում Բելառուսի դեսպան Նիկոլայ Պացկևիչը:
Պարգևատրման արարողակարգի ժամանակ Փաշազադեն հայտարարել է, որ իր ողջ կյանքը կապված է Ռուսաստանի հետ. «Մենք համատեղ ապրել ենք նախկին Խորհրդային Միության կազմում: Այսօր ռուս-ադրբեջանական կապերը նույնպես ամուր են, և մենք կարևոր դեր ենք խաղում դրանում:
Պուտինը բարձր վստահություն է ցուցաբերում իմ նկատմամբ: Նա այդ մասին քանիցս արտահայտվել է մեր հանդիպումներում, իսկ ես մշտապես ձգտել եմ արդարացնել այդ վստահությունը»: