Բաժիններ՝

Հակոբ Հակոբյանը Լյուդմիլա Սարգսյանի աչքերից չի զգացել, որ հարց է ուզում տալ

Այսօր կազուսային իրավիճակ ստեղծվեց ԱԺ Սոցիալական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2014թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ: Սոցիալական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Հակոբ Հակոբյանը հարց տալու հնարավորություն չտվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Սարգսյանին: Վերջինս վիրավորված լքեց սենյակը:

Լրագրողների հետ զրույցում Լ. Սարգսյանը հայտարարեց, որ Հ. Հակոբյանը սեռով պայմանավորված խտրականություն կիրառեց իր հանդեպ: Ըստ նրա՝ մտածել են, թե իր հարցն ավելի սուր ու քննադատական պետք է լինի և նույնիսկ երրորդ անգամ ձեռք բարձրացնելուց հետո էլ Հակոբյանը նրան ձայն չտվեց:

«Իրոք վիրավորված եմ, ստորացուցիչ է, երբ դու հանձնաժողովի անդամ ես, 3 անգամ ձեռք ես բարձրացնում, բայց քեզ հարցի իրավունք չեն տալիս: Հակոբ Հակոբյանը նկատեց իմ ձեռքը, ես նույնիսկ իրեն դիտողություն արեցի, բայց իմ փոխարեն՝ ձայն տվեց Վահե Էնֆիաջյանին: Կարծում եմ՝ ինքն ինձ վատ չի վերաբերվում, բայց ինչո՞ւ է այդպես անում՝ չեմ հասկանում: Ես էլ ունեմ իմ մեթոդները՝ թողնում ու հեռանում եմ»,- ասաց Լ.Սարգսյանը՝ հավելելով, որ իր հարցերը վերաբերում էին գործազրկության նպաստներին:

«Ժամանակին այդ նպաստները կրճատվեցին, մոտ 100 հազար գործազուրկ զրկվեց դրանցից, հիմա հայտարարվում է, որ 12 հազար գործազուրկ վերապատրաստվել և աշխատանքի է տեղավորվել: Եթե հաշվի առնեք, որ այսօր պաշտոնապես գրացված 65 հազար գործազուրկ կա՝ դա բավարար չէ: Մարդիկ տարիներով պիտի սպասեն, որ վերապատրաստման հնարավորություն ունենան: Ես տեղեկություն ունեմ, որ զբաղվածության կենտրոն դիմողների մեծ մասին չի էլ առաջարկվում զբաղվածության վերապատրաստման այդ ծրագիրը և ընդամենը հայտարարվում է՝ եթե կլինի աշխատանք, մենք ձեզ տեղյակ կպահենք: Ես համարում եմ, որ այդ ծրագիրը բավարար չէ, այս ծանր սոցիալական վիճակում զբաղվածության կենտրոնները պիտի գործեին, և գրծազրկության նպաստը պետք է պահպանվեր այնքան ժամանակ, քանի դեռ վերապատրաստման հնարավորություն բոլորը կունենային»:

Լ. Սարգսյանն իր վրդովմունքը հայտնեց նաև միջանցք դուրս եկած Հակոբ Հակոբյանին. «Էս ի՞նչ վերաբերմունք ա, հանձնաժողովից միակ մարդն եմ, եկել եմ, ներկա եմ, ձայն չեք տալիս»:

Հ.Հակոբյանն արդարացավ, թե չի հասկացել, որ Լ.Սարգսյանը հարց ունի. «Հաջորդն իրեն պետք է ձայն տայի, ուղղակի ես երկու անգամ նայեցի տիկին Սարգսյանին, փորձեցի աչքերով հասկանալ, թե նա հարց ունի՞, չկարողացա: Ինքն Էնֆիաջյանին ձայն տալուց հետո ձեռք բարձրացրեց»:

Մինչդեռ, երբ նիստն ավարտվեց, և ներկաներն արձանագրեցին Լ.Սարգսյանի վրդովված հեռանալը, Հ.Հակոբյանը նկատեց՝ «Ամեն օր մեկն ինձնից պետք է նեղանա՞, թե՞ ոչ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս