«Հանկարծ չմտածեք, թե հայկական կողմն ինքն է որոշել, որ պետք է էլեկտրաէներգիան թանկացնել». Վ. Բաղդասարյան
Հանրապտականներն անհանգստություներ ունեն էլեկտրաէներգիայի սակագնի համար ներկայացված թվերի ու փաստարկների հետ կապված: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենք այնքան էլ համամիտ չեն, որ թանկացման համար 17 դրամ է ներկայացված:
«Պետք է լսենք հիմնավորումները: Կարող է հիմնավորված է 1, 2, 10 կամ 17 դրամը, հանձնաժողովը պետք է ծանոթանա մանրակրկիտ և ոչ միայն ՀԾԿՀ նախագահը պետք է հրավիրվի այստեղ, այլ նաև էներգետիկայի նախարարը, Բաշխիչ ցանցերի ղեկավարը, որ կարողանանք միասնական քննարկել»,- ասաց Վ.Բաղդասարյանը:
Հարցին, թե արդյոք կմոռացվե՞ն նախարարի խոսքերը, որ թալան է եղել, Վ.Բաղդասարյանը նշեց, որ դրա պատասխանը պետք է տան պատկան մարմինները.
«Բնականաբար, դա դոգմա չէ, եթե 17 դրամ ներկայացրել են հայտը, դա չի նշանակում, որ այդքանն էլ պետք է հաստատվի: Դրա համար է ԱԺ-ն լսումներ հրավիրում, որ իամանանք՝ իրոք արդարացվա՞ծ է, թե՞ ոչ: Չարդարացված որևէ բան չի կարող լինել»:
168.am-ի հարցին, թե անվերջ արդարացնելով ինչքա՞ն կարելի է թանկացնել, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց.
«Շտապողականություն պետք չէ ցուցաբերել, սպասենք, մի քանի օր մնաց՝ 2-3 օր, կլինեն լսումերը, հանձնաժողովն իր կարծիքը կհայտնի, և քաղաքական ուժերն էլ կհայտնեն իրենց կարծիքները»:
Մեր հարցին, թե չե՞ք կարծում, որ հանրությունը չի հանդուրժի որևէ թանկացում, լարվածությունը շատ մեծ է, Վ.Բաղդասարյանը պատասխանեց.
«Բնականաբար, ցանկացած թանակցում միշտ աղմուկ է բարձրացնում՝ անկախ նրանից արդարացված է, թե ոչ: Պետք է միշտ գիտակցել, որ որևէ իշխանություն շահագրգռված չէ թանկացումներում, ամբողջ պատասխանատվությունը մնում է իշխանության վրա, ի վերջո պատասխանտվությունը իշխանությունն է կրում:
Բայց տնտեսական հարաբերությունների մեջ, մանավանդ մասնավորի, պետական սեկտորի, սեփականատերերը դրսից են, այդտեղ լուրջ քննարկումների արդյունքում է այս ամենը կատարվում, հանկարծ չմտածեք, թե հայկական կողմն ինքն է որոշել, որ պետք է էլեկտրաէներգիան թանկացնել: Մանրակրկիտ հիմնավորումները պետք է լինեն:
Ամբողջ աշխարհում լինում են թանակցումներ: Երբ աշխատավարձը բարձանում է, ոչ մեկը ձայն չի հանում, որ բենզինն իջնում է, որևէ մեկը դրա մասին չի խոսում, բայց ցանկացած թանկացում ցնցումներ առաջացնում է և դա բնական է: Ժողովուրդը սիրում է, որ իշխանությունը հարկ չվերցնի: Բայց պետականություն ո՞նց պետք է կառուցենք այդ ժամանակ: Պետություն կառուցելու համար հասարակությանը պետք է լսես, բայց չպետք է հասարակության ասածով շարժվես, պետք է շարժվես օրենքով»: