Բաժիններ՝

Եվրոպական մոդելի վերականգնողական կենտրոն՝ հայկական գյուղում

Այստեղ ամեն ինչ գունավոր է՝ սկսած գույքից ու կահույքից, վերջացրած՝ հիվանդանոցային, բայց նկարազարդ պատերով: Գունազարդ տարածքը Արագածոտնի մարզի Կոշ գյուղում գործող «Արմենակ և   Աննա Թադէոսեանների անվան բժշկական կենտրոնի» մի հատվածն է՝ նախատեսված հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքն իրականացնելու   համար:
Կենտրոնում   հիմնականում մանկական ուղեղային կաթված և աուտիզմ ունեցող երեխաներ են, որոնց ցերեկային խնամքն ապահովվում է պետական միջոցներով, անհատ-բարերարների ու տարբեր կազմակերպությունների օգնությամբ:

Բուժման ընդհանուր ծախսը մեկ երեխայի համար ամսվա ընթացքում կազմում է 135 հազար դրամ, որից 50 հազարը վճարում են ծնողները, մնացածը՝ բարերարները:
Օրինակ, 5 երեխաների համար 85 հազար դրամ փոխանցում է Ռալֆ Յիրիկյանի ընտանիքը, ևս 15 երեխայի համար՝ «Վիվա Սել» ընկերությունը, երեխաներից երկուսը ֆինանսավորվում են բժշկական կենտրոնի տնօրեն Զավեն Քոլոյանի կողմից: Կենտրոնին աջակցում են նաև այլ բարերարներ:

Հիմնադրամի հիմնադիրներից Մարինա Պարազյանը 168.am-ի հետ զրույցում պատմեց.

– Հաշմանդամություն ունեցող երեխայի մայր եմ, Հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության «ՍՈՐՍ» հիմնադրամի հիմնադիրներից մեկը:

«ՍՈՐՍ»-ը ստեղծվել է իմ և Լիլյա Կարապետյանի նախաձեռնությամբ: Մի շարք նախագծեր ենք իրականացրել՝ փորձելով օգնել հաշմանդամություն ունեցող երեխաներին ու նրանց ընտանիքներին:

Մենք նաև այս կենտրոնի ստեղծման համահեղինակներից ու համաֆինանսավորողներից մեկն ենք: Ի սկզբանե մեր նպատակն էր՝ ստեղծել մի այնպիսի վերականգնողական կենտրոն, որը կիրականացներ ցերեկային խնամք և դրանով կտարբերվեր Հայաստանում գործող մնացած կենտրոններից: Եվ դա ստացվեց. երեխաներն այստեղ են շաբաթը 6 օր, ժամը 10-ից մինչև 17-ը: Այս առումով կենտրոնն ավելի շատ նման է եվրոպական մոդելի վերականգնողական կենտրոններին: Օրական այստեղ հաճախում են 23-25 երեխա, ինչպես հարակից շրջաններից, այնպես էլ մայրաքաղաք Երևանից:

Տրանսպորտային ծախսերը հոգում է «Նյու լայֆ» կազմակերպությունը, «Քրոնիմեդ» կազմակերպության շնորհիվ մեր երեխաներն այցելում են Ուշիում գործող «Կենտավր» ձիարշավարանը:

2

Կենտրոն հաճախող երեխաներից մեկի՝ Հենրիի, և նրա մայրիկի՝ Ռուզաննա Շահինյանի հետ զրուցեցինք:

«Հենրին մանկական ուղեղային կաթված ունի: Երբ ծանոթ ծնողներից կենտրոնի մասին իմացանք, որոշեցինք անպայման հաճախել: Արդեն 9 ամիս է, ինչ կենտրոն հաճախելը   համատեղում ենք դպրոցի հետ: Չեմ փոշմանում, որ կենտրոն այցելության հաշվին կրճատել ենք դպրոց հաճախելը. այստեղ Հենրին իրեն ավելի լավ է զգում: Չնայած դպրոցում էլ որևէ խնդիր չկա, ուղղակի կենտրոն հաճախելուց հետո երեխայի մոտ առաջընթաց է նկատվում: Հենրին կարողանում է այստեղ գալ նաև ինքնուրույն, բայց քանի որ այսօր պիտի գնանք ձիարշավարան, ես ուղեկցում եմ նրան»,- ասաց Ռ. Շահինյանը:

3«Ես սիրում եմ հա՛մ Կոշ գալ, հա՛մ էլ դպրոց գնալ: Այստեղ էլ ընկերներ ունեմ, դպրոցում էլ: Համակարգչով խաղալ էլ եմ սիրում: Ուզում եմ ոստիկան դառնալ, որ գողերին բռնեմ. իրենք վատ մարդիկ են: Ես սիրահարված եմ Մարիամին: Դպրոցում բոլոր առարկաներն էլ սիրում եմ՝ բացի երգից ու ռուսերենից, Կոշում ամենաշատը սիրում եմ լոգոպեդին, բայց զանգելու եմ հոգեբանի ընկերոջը ու ասեմ, որ հետը խոսելիք ունեմ. հոգեբանին էլ եմ սիրում»,- ասաց Հենրին:

Մենք զրուցեցինք նաև կենտրոնի լոգոպեդ Լիդա Ջուլիկյանի հետ, ով նաև զբաղվում է ծրագրերի համակարգմամբ: «Վերականգնողական կենտրոն հաճախում են զարգացման ծանր խնդիրներով երեխաներ, ովքեր, բացի վերականգնողական բուժումից, ստանում են նաև ցերեկային խնամք: Այս փաստը հատկապես ոգևորիչ է աշխատող ծնողների համար, քանի որ իրենք էլ գիտեն, որ երեխաներն ապահով ձեռքերում են ու լավ միջավայրում. անհանգստանալու կարիք չկա:
Մեզ մոտ մեկ օրվա ընթացքում երեխան ստանում է 4-5 թերապիա՝ կախված զարգացման խնդրից: Իսկ առհասարակ, ունենք մինչև 7 թերապիայի հնարավորություն: Այստեղ հաճախող գրեթե բոլոր երեխաները ֆիզիկական խնդիրներ ունեն, ուստի օգտվում են ֆիզիոթերապիայից: Արդեն ունենք նաև հիպոթերապիայից օգտվելու հնարավորություն. երեխաներն այցելում են ձիարշավարան:
Մի խոսքով ՝բժշկական կենտրոնում կա այն ամենը, ինչ անհրաժեշտ է երեխաների կյանքի որակը փոխելու համար: Երեխաները սնվում են օրը 2 անգամ, ունեն քնի ժամ, առօրյան այստեղ հագեցած է, օգտակարն ու հաճելին էլ՝ համատեղված»,- ասաց նա:

Լոգոպեդ Լիդա Ջուլիկյանի խոսքով՝ չի եղել դեպք, որ երեխան վերականգնողական բուժում չստանա ֆինանսական խնդիրների պատճառով: Ֆինանսական խնդիրների դեպքում ընդհանուր ցուցակից առանձնացվում են անապահով ընտանիքների երեխաները ու ներկայացվում տարբեր բարերարների: Կենտրոնի մի քանի երեխաներ արդեն բուժում են ստանում պետպատվերի շրջանակներում:

Անահիտ Հակոբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս