Եկամտահարկի գումարները կուղղվեն հիփոթեքային վարկերի սպասարկմանը

Մայիսի 26-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ:

Գործադիրի որոշմամբ՝ հանրապետությունում ներդրվել է հիպոթեքային վարկերի մատչելիության բարձրացման նոր մեխանիզմ: Այն իրագործվելու է պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարներից՝ քաղաքացիներին՝ հիփոթեքային վարկերի սպասարկման տոկոսավճարների վերադարձման եղանակով: Նիստում գործադիր մարմինը սահմանել է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը:

Որոշման համաձայն՝ փաստաթղթերի ընդունման և ուսումնասիրման գործառույթը վերապահվում է հարկային մարմիններին: Վարկառուն, նշված արտոնությունից օգտվելու համար, հարկային մարմին պետք է ներկայացնի համապատասխան փաստաթղթերը, իսկ հետագայում, յուրաքանչյուր եռամսյակ՝ միայն դիմում և տեղեկանք բանկից՝ նախորդ եռամսյակում վճարված տոկոսների գումարների մասին: Վերադարձվող գումարը կփոխանցվի շահառուի բանկային հաշվին: Այս կարգը կիրառվում է նաև համասեփականատեր հանդիսացող համավարկառուի վրա:

Կառավարության կողմից սահմանված՝ կառուցված և կառուցվող բազմաբնակարան շենքերի վերաբերյալ հարկային մարմին տեղեկություններ տրամադրելու կարգի համաձայն՝ այդ շենքերի ռեեստրը վարողի իրավասությունը վերապահվում է ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին: Նոր կարգով` անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և հարկային մարմնի միջև տեղեկություններ կփոխանակվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Անդրադառնալով այս որոշումներին, վարչապետ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ հիպոթեքային ծրագրից օգտվողների համար նոր գործիքի կիրառումը խթանելու է առաջնային շուկայի զարգացումը, մանավանդ, որ մայրաքաղաքում երկրորդային շուկայի բնակելի որոշ շենքեր վթարային վիճակում են և ենթակա են քանդման:

Կառավարությունն, ըստ գործունեության ոլորտների, հաստատել է պարտադիր զննության ենթակա անձանց առողջական վիճակի նախնական և պարբերական բժշկական զննության կարգը և ծավալի ու հաճախականության ցանկը: Գործադիր մարմնի հավանությանն են արժանացել նաև անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի ձեռքբերման, անձին ժամանակավորապես աշխատանքի ներկայանալ չթույլատրելու մասին որոշման ձևերը և բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը: Որոշման համաձայն՝ սննդամթերքի հետ անմիջականորեն շփվող՝ հանրային սննդի կազմակերպություններում, սննդի առևտրի օբյեկտներում աշխատող անձանց, ինչպես նաև քոլեջների, ուսումնարանների աշխատակիցների առողջական վիճակի պարտադիր բժշկական զննության և սանիտարական գրքույկի առկայության վերահսկողությունը վերապահվում է գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ սահմանվել է գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվող դիտարկման ընթացքում հսկիչ գնումների անցկացման, դրանց ֆինանսական աղբյուրների և ձեռքբերված ապրանքների տնօրինման կարգը՝ ծառայության կողմից իրականացվող դիտարկումներն ավելի լիարժեք և ամբողջական դարձնելու համար:

Բժշկասոցիալական փորձաքննության իրականացմանը վերաբերող երկու որոշումներում արված փոփոխություններով՝ կառավարությունը հստակեցրել է հաշմանդամություն ունեցող անձանց բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը: Մասնավորապես, պարզեցվել են բժշկասոցիալական փորձաքննական վարչական վարույթի կասեցման կարգը, փորձաքննության ժամանակ օգտագործվող չափանիշների կիրառումը և բացառվել սուբյեկտիվ մոտեցումները:

Գործադիր մարմինը փոփոխություններ է կատարել մի շարք նախկին որոշումներում՝ պայմանավորված Ստեփանակերտ քաղաքի և ԼՂՀ շրջանների՝ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային պետական մարմիններին վերապահված զբաղվածության ոլորտի գործառույթները 2015 թվականի հունվարի 1-ից աշխատանքի և զբաղվածության գործակալությանը վերապահելու անհրաժեշտությամբ:

Կառավարությունը մշակել է հանրապետության շտապ բժշկական օգնության ծառայության արդիականացման ռազմավարություն, որով նախատեսվում է բարելավել բնակչությանը ցուցաբերվող շտապ և անհետաձգելի բուժօգնության ծառայությունները, մատչելիությունն ու որակը: Նիստում հաստատվել է նաև ռազմավարության միջոցառումների իրականացման ժամանակացույցը :

Գործադիրը հաստատել է Արցախի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը: Որոշմամբ սահմանվել են բարձր առաջադիմությամբ ու որոշ սոցիալական խմբերի ուսանողներին աջակցության նպատակով բուհերի կողմից իրականացվող՝ ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցման նվազագույն չափաքանակները՝ ըստ համապատասխան կարգավիճակների։ Կառավարությունը հաստատել է նաև ասպիրանտուրայի դիմորդների հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը :

Նիստում քննարկում է ծավալվել միջշրջանային և ներշրջանային երթուղիների կանոնավոր ուղևորափոխադրումների գործող ու փաստացի ուղետոմսերի արժեքների տարբերության սուբսիդավորման կարգի մասին որոշման նախագծի շուրջ: Կառավարության ղեկավարը, դժգոհություն հայտնելով տրանսպորտի ոլորտում առկա վիճակից, անհրաժեշտ է համարել վերանայել բնագավառում տարվող քաղաքականությունը: Արայիկ Հարությունյանի առաջարկությամբ՝ հարցը հետաձգվել է՝ հետագայում այն քննարկելու և նոր առաջարկություններով կառավարության հաստատմանը ներկայացնելու պայմանով:

Նիստում հաստատվել են էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի, գազի և կապի անընդհատ մատակարարում պահանջող սպառողների ցանկերը:

Կառավարության որոշմամբ՝ հաստատվել է պետական բյուջեից մարզական հասարակական կազմակերպություններին ֆինանսական աջակցության ապահովման կարգը: Ըստ դրա՝ ֆինանսական միջոցներ կտրվեն Արցախում ավանդական դարձած, մասսայականություն վայելող և օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի և Հայաստանի Հանրապետության առաջնություններում, միջազգային մրցաշարերում բարձր արդյունքներ ցուցաբերած ֆեդերացիաներին:

Գործադիրը հաստատել է Քաշաթաղի շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը, որում ընդգրկել է 335 հուշարձան: Մեկ այլ որոշմամբ՝ սահմանվել է զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող սուբյեկտների հաշվառման կարգը, որով բոլոր սուբյեկտների համար հաշվառում իրականացնելը դարձել է պարտադիր: Կարգով հստակեցվել է զբոսաշրջային գործունեությամբ զբաղվողների տարբերազատումը, ինչպես նաև՝ օրենքի կատարման վերաբերյալ վերահսկողության մեխանիզմները:

Կառավարությունը սահմանել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների դրամական գնահատման կարգը: Գնահատումն իրականացվելու է հուշարձանի քաղաքաշինական, ճարտարապետական, մոնումենտալ արվեստի, հնագիտական առանձնահատկություններից, գտնվելու վայրից, տարածքից և այլ հատկանիշներից ելնելով:

Նիստում հավանության է արժանացել 2015թ. մարդահամարի ծրագիրը, որով առաջարկվում է հաստատել նաև մարդահամարի անցկացման համար նախատեսված հարցաթերթի նմուշը:

Կառավարության հավանությանն է արժանացել ««ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նշված փոփոխության մասին անհրաժեշտությունը ծագել է Շահումյանի շրջանի 16 համայնքների վարչական սահմանների ամրացման աշխատանքների իրականացման ընթացքում: Փոփոխության արդյունքում ԼՂՀ համայնքների վարչական սահմաններում ընդգրկվող պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգ սահմանելու լիազորությունները կհաստատվեն օրենքով և կստանան իրավական ձևակերպումներ:

Ստեփանակերտի քաղաքապետարանի առաջարկով՝ գործադիրը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Փաթեթով առաջարկվում է, մասնավորապես, «Գույքահարկի մասին» ԼՂՀ օրենքում արտոնություն սահմանել փոստային կապի ազգային օպերատորի և սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամների համար, օրենքով հարկային պարտավորությունների նկատմամբ կիրառվող երեք տարվա վաղեմության ժամկետը չտարածել գույքահարկի և հողի հարկի մասով, ինչպես նաև՝ գույքահարկի և հողի հարկի հաշվետվությունների ներկայացման ու վճարումների կատարման ժամանակաշրջան սահմանել կիսամյակը՝ ներկայիս եռամսյակի փոխարեն: Վերջինս նախատեսված է նաև գործարար միջավայրի բարելավման ծրագրով:

Օրինագծերը կներկայացվեն Աժ-ի քննարկմանը:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս