«Եթե մեզ հրահրեն և սադրանքներ լինեն, ագրեսիա լինի Արցախի հանդեպ, ապա…». Սեյրան Օհանյան

«Մեր տեսակետները մնում են նույնը՝ մենք հարցի լուծման խաղաղ և բանակցային գործընթացներով լուծման ճանապարհի կողմնակից ենք, որը պետք է տանի դեպի հավասար երկխոսության, վստահության մթնոլորտի ձևավորման, իսկ վստահության մթնոլորտի ձևավորում իրականացվում է մեր երկու հակամարտող կողմերի, նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ որպես երրորդ կողմ, հակամարտող շփման գծի զինադադարի պայմանների իրականացման և, իհարկե, մենք ամեն ինչ իրականացնում ենք ռազմական փորձագիտության շրջանակների համապատասխան: Այն, ինչ կնպաստի այդ խնդիրների իրականացմանը, մեր կողմից ընդունելի է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ գնահատելով Ռիգայում ԱԼԳ անդամ երկրների գագաթնաժողովում ընդունված եզրափակիչ հռչակագիրը, որում հատուկ կետ կար նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Անդրադառնալով փոխնախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, որ ԼՂ անվտանգության գոտին մեզ չի բավարարում, նախարարը պարզաբանեց, թե դա նշանակում է, որ դրված խնդիրները՝ և´ Հայաստանի, և´ Արցախի անվտանգության գործում իրականացվում են պատշաճ կերպով. «Եթե մեզ հրահրեն և սադրանքներ լինեն, ագրեսիա լինի Արցախի հանդեպ, իսկ մենք Արցախի ժողովրդի խաղաղ արարման երաշխավորն ենք հանդիսանում, ապա մենք անպայման ամեն ինչ կանենք, որպեսզի Արցախի ժողովրդի խաղաղ արարաման այդ տարածքը, որը կոչվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ամբողջական մնա և, ըստ անհրաժեշտության մենք կարող ենք ռազմական գործողությունների դաշտը տեղափոխել այդ տարածք»:

Հարցին, որ ԵՏՄ-ին անդամակցելիս հիմնական շեշտը դրվում էր անվտանգության գործոնի վրա, արդյոք այս ընթացքում տարբերություն զգացվե՞լ է, Ս.Օհանյանը հավաստիացրեց, որ այսօր էլ գերակա ուղղություններից մեկը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովումն է, որն անհնարին է իրականացնել, գտնվելով այս տարածաշրջաում՝ առանց համագործակցության տարածաշրջանային երկրների և գերտերությունների, որոնց հետ ՀՀ-ն ռազմավարական գործընկերութուն է իրականացնում: Ըստ նրա՝ այն խնդիրները, որոնք նախատեսվել են ԵՏՄ շրջանակներում ռազմական, ռազմատեխնիկական խնդիրների իրականացման առումով, պահպանվում են:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս