Պուտինը 3 միլիարդ դոլարի քաղաքական կաշառք էր տվել Յանուկովիչին՝ Ասոցացման համաձայնագիրը չստորագրելու համար. Յացենյուկ
Բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ուկրաինան օգտվելու է բոլոր հնարավորություններից ու միջոցներից՝ վերափոխելու համար իր պետպարտքի մի մասը:
Նա ընդգծել է, որ երկրի առանցքային վարկատուն Արժույթի միջազգային հիմնադրամն է. «Մենք բոլոր վարկատուներին վերաբերվելու ենք միանման արժանավայել ու արդար, ներառյալ՝ Ռուսաստանը:
Եթե Ռուսաստանը կարծում է, որ ինչ-որ կերպ առանձնանում է, ասեմ, որ ոչ: Թույլ տվեք հիշեցնել, որ 3 միլիարդ դոլարը (Ռուսաստանի տրամադրած վարկը) եղել է նախագահ Պուտինից նախկին նախագահ Յանուկովիչին տված քաղաքական կաշառք՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը չստորագրելու համար»:
Յացենյուկը խոստովանել է, որ չնայած Ուկրաինայի ջանքերին՝ վարկատուների հետ բանակցություններն ընթանում են բարդ. «Սակայն դա բնական է, մենք ցանկանում ենք քիչ վճարել, իսկ նրանք ցանկանում են, որ մենք վճարենք ավելին»: Յացենյուկն ընդգծել է, որ խոսքը չի գնում Ուկրաինայի կողմից դեֆոլտ հայտարարելու մասին: