Չի կարող լինել բյուջեի 100% կատարողական. ՀՀ գլխավոր գանձապետ
Չի կարող լինել բյուջեի 100% կատարողական: Նման հայտարարություն այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2014թ. բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ արեց ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
Ըստ նրա՝ 2014 թ. առաջին երեք եռամսյակներին տնտեսական աճը զարգացման միտումներ էր դրսևորել՝ երրորդ եռամսյակում աճելով 5.3%-ով, սակայն տարեվերջին տնտեսական աճի տեմպն էապես դանդաղեց և տարեկան աճը կազմեց 3.4%՝ կրելով արտաքին պահանջարկի աճի տեմպերի դանդաղման, փոխարժեքի արժեզրկման, Ռուսաստանից ներհոսող դրամական փոխանցումների կրճատման արդյունքում տնօրինվող եկամտի աճի տեմպերի դանդաղման ազդեցությունը: 2014 թ. միջին գնաճը կազմել է 3%: Արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների անվանական շուրջ 6.9% աճ, ծախսերի գծով` 8.1% աճ: Հարկաբյուջետային քաղաքականությունը 2014 թ. արդյունքներով ամբողջական պահանջարկի վրա թողել է ընդլայնող ազդեցություն: Ջանջուղազյանի խոսքով՝ տնտեսական աճին հիմնականում նպաստել են ծառայությունների և գյուղատնտեսության ճյուղերը, արդյունաբերության նպաստումը ՀՆԱ աճին եղել է զրոյական:
Նա նշեց, որ որոշակի շեղումներ են եղել արտաքին հատվածում՝ դանդաղել են ներմուծման և արտահանման աճի տեմպերը. «Սա համաշխարհային տնտեսական զարգացումներով է պայմանավորված, հիմնականում՝ գործընկեր երկրներում ցածր տեմպերով»: Արտաքին ապրանքաշրջանառությունը 2014 թ. արդյունքներով կազմել է 5920.9 մլն դոլար` նախորդ տարվա համեմատ աճելով 1%-ով, մասնավորապես՝ արտահանումն աճել է 2.7%-ով` կազմելով 1519.3 մլն դոլար, իսկ ներմուծումը` 0.4%-ով և կազմել 4401.6 մլն դոլար: Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին արագ տեմպերով արժեզրկման արդյունքում 2014 թ. դեկտեմբեր ամսին փոխարժեքը կազմեց 463.53 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց, որը նախորդ տարվա դեկտեմբերին ձևավորված միջին փոխարժեքի նկատմամբ արժեզրկվել է 12.6%-ով:
Ըստ փոխնախարարի՝ անցած տարի ՀՆԱ-ի նկատմամբ բյուջեի ծախսերի հարաբերակցությունը կազմել է 27.3%` կանխատեսված 26.4%-ի և 2013 թ. 26.7%-ի դիմաց: